Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը ոստիկանությունը բացահայտել է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը հնարավոր է կատարած կամ կազմակերպած լինեն Իսրայել Սրագսյանը (Իսո), Մովսես Ներսիսյանը և Տիգրան Ասատրյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս համագործակցելով քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանին:
Իսկ ինչ վերաբերում է Մովսես Ներսիսյանին, ապա, ըստ ոստիկանության, նրան հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտից հայտնաբերվում է «Բերետտա» տիպի ատրճանակ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը:
Նկատենք, որ այդ հատվածում գտնվող դիտահորում դիակի առկայության մասին ԱԻՆ փրկարար ծառայությունը ահանզանգ էր ստացել, սակայն մի քանի օր շարունակ որոնումները անարդյունք էին եղել:
Ոստիկանությունից փոխանցում են նաև, որ Իսրայել Սարգսյանի բնակության վայրում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ու առգրավվել ապօրինի զենք-զինամթերք: Իսկ Տիգրան Ասատրյանի բնակության վայրից հայտնաբերվել ու առգրավվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, ռազմամթերք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տիգրան Ասատրյանը տեղեկանալով պատվիրված սպանության, ինչպես նաև Իսրայել Սարգսյանի կողմից հանցանքը թաքցնելու նպատակով, Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու դիտավորության մասին իշխանության մարմիններին չի տեղեկացրել նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակում`
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվել է ևս մեկ անձ