Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահքի 11-րդ օրն է:
«Այս շաբաթվա ընթացքում Եկեղեցու սահմանած սուրբգրային ընթեցվածքներում ընդգծվում է հիմնականում առ Աստված դարձի և աստվածապավինության գաղափարը, որին հասնելու համար մեզ տրվում է հստակ մի ուղեցույց: Այս առնչությամբ Առակաց գրքում կարդում ենք հերթական հորդորը. «Որդյա´կ, մի´ անտեսիր, այլ պահի´ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար` դարման: Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի» (Առ. 3.21-23): Մեր հոգու կենդանությունն անմիջականորեն կապված է Աստծու պատվիրանները պահելու հետ: Եթե առաջնորդվում ենք մեր կյանքում աստվածադիր օրենքներով, որքան էլ դրանք դժվարին լինի պահպանելը, ապա չենք սայթաքի և ապահով կընթանանք արդարության ճանապարհներով: Մեղքերի, ցանկությունների ու անօրենությունների մահն է ճշմարիտ կյանքն ի Քրիստոս: Սողոմոն իմաստունը շեշտում է, որ ապրենք Աստծու իմաստությամբ, որպեսզի ապրեցնենք մեր հոգիները և բարի պարգևներ ստանանք: Սակայն ինչպե՞ս վարվենք:
Այդ նկատառումով այսօր մեր ուշադրությանն է հանձնվում նաև բարի գործեր կատարելու հետևյալ պատգամը. «Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե` «Գնա, կգաս` վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առ. 3.27-28): Հիշենք, որ հավատն առանց գործերի մեռած է, ինչպես ասում է Հակոբոս առաքյալը: Եվ Տերը միշտ մեր առջև է կանգնեցնում նման կարոտյալ մարդկանց, որպեսզի մեզ առիթ ընծայի բարեգործությամբ ու ողորմածությամբ շնորհ գտնել Իրենից և առատացնել մեր վարձքը:
Ավելին` այդպիսի մարդկանց մեջ պիտի տեսնենք հենց Տիրոջը, ով ասում է, թե եկավ մեզ մոտ, երբ քաղցած էր` հաց տվեցինք, օթևան չուներ, տեղ տվեցինք, հիվանդ էր, բուժեցինք (տե´ս Մատթ. 25.35-36): Մեզանից շատերը թերևս առաքյալների նման զարմանքով ու տարակուսանքով արձագանքեն ասածին: Բայց Տերն իրապես այդ մարդկանց մեջ է: Նա մեզ մղում է սիրելու մեր նմանին` անկախ իր արտաքինից, հասարակական կարգավիճակից, կարողություններից և պահանջներից, սիրելու նրան, ում հաճախ մեզանից շատ ցածր և նվազ արժանի ենք նկատում և արհամարհում: Մենք ուղղակի մարդկային մեր հավակնոտությամբ ու հպարտությամբ ակնկալում ենք մեծանուն գործերի առիթներ և չենք համարձակվում կասկածել, որ մեր մեկնած ձեռքը, իբրև թթխմորի փոքրիկ գնդիկ, կարող է պատճառը դառնալ մեր իսկ փրկության խմորման:
Ուստի, բարեկամներ, չանարգենք Տիրոջ խրատները, որովհետև Նա խրատում է նրանց, ում սիրում է: Հայացք գցենք մեր շուրջը` այս լույսի ներքո տեսնելու մեր կողքին գտնվողներին, և անհապաղ, առաջին իսկ պահին, օգտվենք առիթներից, երբ Տերն ուզում է մեզ հնարավորություն ընձեռել բարի գործերով արդարանալու, քանզի չգիտենք, «թե վաղն ինչ է բերելու»»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում