Արցախի նախագահն այցելել է դիվերսիան կասեցնելու ընթացքում վիրավորված զինծառայողներին
Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է մարտի 19-ին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել ԼՂՀ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲզինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ ԳագիկիՀայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Վիրավորված երկու զինծառայող նախօրեին Արցախից տեղափոխվել են Երևան՝ Զինվորական կենտրոնական հոսպիտալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները