Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի առակը
Ավագ երեքշաբթին է:
«Այս օրը հիշատակվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13): Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: «Արթո´ւն կացեք, որովհետև չգիտեք ո´չ օրը և ո´չ էլ ժամը» (25.13):
Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահում են վառվող մոմեր և խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: Այս արարողությունը մեզ հուշում է առաքինի գործերով պատրաստ լինել Տիրոջ գալստյանը»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Նախորդող հրապարակում՝
Ավագ երկուշաբթի. Նվիրված է աշխարհի արարչագործությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները