Գաֆէսճեան արվեստի կենտրոնն անակնկալներ է պատրաստել երեխաների համար
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Արվեստի կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ տոնախմբությունը կմեկնարկի ժամը 18:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու «Արևի ձեռքեր»,«Ստեղծիր քո դրոշը» ստեղծագործական նախագծերին, դիտելու տիկնիկային ներկայացումներ, բոլոր մասնակիցներին անսպառ ուրախություն կպարգևեն խաղավարներն ու ծաղրածուները:
Ժամը 20:00-ին կմեկնարկի «Խաղ ու պար» մանկական համերգային ծրագիրը (գեղարվեստական ղեկավար՝ Զառա Պետրոսյան): Մի շարք ճանաչված մանուկ և պատանի երգիչներ և պարային խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Միջոցառումը կավարտվի ժամը 22:00-ին տոնական հրավառությամբ:
Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից: