ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՎՐԱ
Այսօր ժամը 17.20-ի սահմաններում, Երվանդ Քոչարի 19/6 հասցեի բակում տեղի է ունեցել հարձակում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի վրա: Այս մասին մեզ հայտնեցին ՀՌԱԿ հանրապետական վարչությունից, նշելով որ հարձակվողները եղել են 2 հոգի, որոնց ինքնությունն անհայտ է: Նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել Հարություն Առաքելյանի նկատմամբ, ապա դիմել են փախուստի:
Նույն աղբյուրի համաձայն, ըստ վկաների, հարձակվողները, դեպքից առաջ, մի քանի ժամ պտտվել են ՀՌԱԿ գրասենյակի շրջակայքում եւ փախել սեւ գունի BMW մակնիշի մեքենայով:
Մեր կողմից նկատենք, որ Հ.Առաքելյանի վրա հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսում բավականին կոպիտ արտահայտություններով անդրադարձավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գործունեությանն ու ՀՌԱԿ-ի հասցեին արած հայտարարություններին: Սկզբունքորեն չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձեր օգտվել նման իրավիճակից ու լարվածություն առաջացնելու կամ որևէ այլ պատճառով հարձակում կազմակերպեր Հ.Առաքելյանի վրա, հրաշալի հասկանալով, որ առաջին հերթին կասկածելու են, օրինակ, Ա.Աբրահամյանին կամ նրա կողմնակիցներին:
Անշուշտ, սա ընդամենը վարկած է, որը, թերևս կստուգվի կատարելիք քննության ժամանակ: Նշենք, որ դեպքի մասին կուսակցությունն ահազանգել է ոստիկանություն, որտեղից արձագանքել են, և ոստիկանության աշխատակիցները զրուցել են Հ.Առաքելյանի հետ:
Իսկ վերոհիշյալ ենթադրություն-վարկածի տեղիք տվեց հարձակումների կրկնվող որոշ նմանությունը. «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Սուրեն Աբրահամյանը հրապարակավ քննադատական հայտարարություններ էր կատարել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հասցեին: Դրանից մի քանի օր անց հարձակում կատարվեց Ս.Աբրահամյանի վրա ու վերջինս և նրա կուսակիցները առաջին հերթին խոսեցին այն մասին, որ այդ հարձակման ետևում Ա.Մարգարյանն ու նրա կողմնակիցները կարող են լինել: Չնայած, վարչապետը և ՀՀԿ-ականները կտրականապես հերքեցին, թե իրենք կարող էին նման քայլի դիմել:
Հիմա, այլ անուններով, սցենարը կրկնվում է ՀՌԱԿ ատենապետի հետ: