ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻՆ
«Մենք դիմում ենք ուղարկել դատախազություն, որպեսզի գործ հարուցվի Աղվան Վարդանյանի, Տիգրան Սարգսյանի և «Հայբիզնեսբանկի» կառավարչի դեմ»,- այսօր հայտարարեց «Ընդդեմ մարդկանց համարակալման» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:
Իսկ ամեն ինչ սկսվել է Սահմանադրական դատարանի` հոկտեմբերի 4-ին կայացրած որոշումից, որի համաձայն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները Սահմանադրությանը հակասող են և անվավեր: ՍԴ որոշման մեջ նշված է, որ սոցիալական քարտի առկայությունը դարձնելով պարտադիր պայման աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ, հատուցում, դրամական փոխանցում ստանալու համար, օրենքը մի շարք քաղաքացիների դրել է երկընտրանքի առջև` զրկվել սոցիալական իրավունքների իրականացումից կամ համոզմունք ունենալու և դրան հավատարիմ մնալու իրավունքից:
«Այդ ժլատ որոշումը ազատում էր բոլոր հավատացյալ և արժանապատիվ մարդկանց ստրկացումից»,- համոզմունք հայտնեց Խ. Ստամբոլցյանը, ավելացնելով սակայն, որ իրենց ոգևորությունը երկար չտևեց: Ավելին, հանկարծ ստացվեց այնպես, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, ով ՀՅԴ ներկայացուցիչն է կառավարությունում, «ինքնագլուխ որոշեց մեկնաբանել ՍԴ որոշումը», այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեն անգամ որոշումը կայացնող դատավորները:
Նկատենք, որ նոյեմբերի 3-ին նախարարը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին մի գրություն է ուղարկել, որում նշված է. «ՍԴ որոշումը չի անդրադառնում բանկային հաշիվ բացելիս սոցիալական քարտերի կիրառմանը, ինչը նշանակում է, որ սոցիալական քարտերի` օրենսդրությամբ սահմանված պարտադիր կիրառությունը շարունակվում է բանկային հաշիվ բացելիս»: Նախարարի այդ գրությունից հետո ԿԲ-ն դիմել է Հայաստանի տարածքում գործող բանկերին. «առաջարկում ենք շարունակել կատարել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները»:
«Եթե պետության բարձրագույն ատյանի որոշումը չի կատարվում, այդ պետությունն արդեն այլասերված է: Էլ ի՞նչը պիտի ազդի այս պետության կամ իշխանության վրա, որ կարողանա երկիրը բերել կանոնավոր, դեմոկրատական կամ մարդավարի տեսքի»,- հարցրեց «Ընդդեմ մարդկանց համարակալման» ՀԿ-ի նախագահը: «Դաշնակցությունը այսօր լծված է համաշխարհային մասսոնական սայլին և դուրս է եկել իր ազգի դեմ, նա այլևս ազգային, հեղափոխական կուսակցություն կոչվելու ոչ մի իրավունք չունի»,- Ա. Վարդանյանի քայլը մեկնաբանելով, հայտարարեց Խ. Ստամբոլցյանը: Ավելին, նա վստահեցրեց, թե բացի ՀՅԴ-ից, դիմել է նաև կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՀԿ-ին: Արդյունքում եկել է եզրակացության, որ տեղի ունեցածը ոչ թե Ա. Վարդանյանի ինքնագործունեության արդյունքն է, այլ կառավարության դիրքորոշումն է այդպիսին:
Նշենք, որ դատախազությանը դիմել է քաղաքացի Լաուրա Բարսեղյանը, ով ավելի վաղ դիմել էր «Հայբիզնեսբանկ»` ժամկետային ավանդային հաշիվ բացելու համար: Բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը սակայն, հիմնվելով նախարարի ու ԿԲ-ից ստացված գրությունների վրա պաշտոնական գրությամբ Լ. Բարսեղյանին պատասխանել էր, որ «ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև սոցիալական քարտ»: