ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատարանի շենքն այսօր հանձնվեց շահագործման: Դատարանի շենքի շինարարությունը հնարավոր եղավ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Պետական բյուջեից շենքի շինարարության համար հատկացվեց անհրաժեշտ գումարի 10-ը տոկոսը, իսկ 90-ը տրամադրվեց ՀԲ վարկային միջոցներից:
Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով 2004 թվականի ապրիլին սկսվեցին դատարանի շենքի շինարարական աշխատանքները: Շենքի կառուցման նպատակով ծախսվել է 146.983.000 ՀՀ դրամ:
Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից, վարկային ծրագրի շրջանակներում դատարանի համար ձեռք է բերվել և տեղադրվել դատական դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, ջեռուցման կաթսան, մինի ԱՀԿ, գազատար և երկրորդ ջրագիծ:
Շենքում տեղադրված է նաև լոկալ համակարգչային ցանց: Շենքն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով - էլեկտրասնուցում, ջրամատակարարում (երկու աղբյուրից), կոյուղի, գազամատակարարում, ավտոնոմ ջեռուցում, օդափոխություն:
Վարկային ծրագրի շրջանակներում քանդվել է դատարանի հին շենքի տանիքը, ամրացվել են կրող կոնստրուկցիաները, կառուցվել է երրորդ հարկ և եռահարկ կցակառույց, որտեղ տեղակայված ոլորապտույտ ծառայողական աստիճաններն ապահովում են բոլոր հարկերի գոտիների անհրաժեշտ կապը:
Դատարանի արգելված գոտու բակն ունի մուտքի էլեկտրաշարժական դարպաս: Դատարանի շենքի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են անվտանգության ներկա պահանջներին համապատասխան:
Քանի որ, բացի դատարանից, շենքում տեղակայվում են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական տեսչության Արմավիրի մարզային բաժինը, ուստի. շենքի կենտրոնական մուտքը նախատեսված է դատարանի համար, երկրորդ մուտքը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Էջմիածնի բաժանմունքի և ՀՀ ԱՆ քրեակատարողական տեսչության Էջմիածնի բաժանմունքի համար:
Դատարանի մասնաբաժինը նախատեսված է 4 դատավորների համար և ունի կահավորված 3 դատական դահլիճ: Երրորդ հարկը բացառապես ծառայողական է: Հասարակական սպասարկման տարածքները զբաղեցնում են 1-ին և 2-րդ հարկերի զգալի մասը, որտեղ և տեղակայված են քրեական գործերով դատական 1 դահլիճը, իսկ մյուս 2 դահլիճները, դատարանի գրասենյակը և hասարակական օգտագործման սանհանգույցներն 1-ին հարկում:
Սահմանափակ գոտում գտնվող դատավորների բոլոր աշխատասենյակները տեղակայված են 3-րդ հարկում: Ամբաստանյալների ժամանակավոր պահպանման խցերը տեղակայված են 2-րդ հարկում, ապահովված են բնական լուսավորությամբ, սանհանգույցով և կառուցված են անվտանգության պահանջներին համապատասխան:
Կառուցված շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության և նախագծման միջազգային չափանիշներին: Այս առումով շենքի դատարանի մասը, ինչպես ծրագրի շրջանակներում կառուցվող և վերակառուցվող այլ դատարանների շենքերը, բաժանված է անվտանգության երեք գոտիների:
Դատարանի շենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ: