ՆԱ ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ԲԱՐԻՆ ՈՒ ԱԶՆԻՎԸ
Ընդամենը 4 ամսից կյանքի 100 տարին կբոլորեր Գեորգի Տեր-Ստեփանյանը` Գրունտների մեխանիկայի և ինժեներական երկրաբանության ասպարեզի խոշորագույն երկրաբան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս տեխ.գիտ. դոկտոր պրոֆեսոր: Անգնահատելի է նրա վաստակը Հայաստանի բնապահպանության ոլորտում, որտեղ իր տեխնիկական հիմնավորման և ջանքերի շնորհիվ կանխվել է Սևանա լճի իջեցման և Արարատյան դաշտավայրում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի շինարարության նախագծերը: Ազգային այսպիսի արժեքների պահպանման համար նա պայքարեց ի հաշիվ իր կարիերիայի և դա նրա հայրենասիրության դրսևորման ամենավառ ապացույցներից էր:
Հզոր գիտական պաշարի տեր մարդը, զարմանալիորեն, համեստ էր ու մեղմ: Դոկտոր պրոֆեսոր Գեորգի Տեր-Ստեփանյանի մասին դուստրը` Անահիտը պատմում է. «Նա համեստ էր իր բոլոր պահանջներում, երբեք ավելին չէր վերցնի, քան իրեն հասանելիքը: Երբ մենք ապրում էինք փոքր բնակարանում, մայրս պարբերաբար ասում էր, որ մեծ բնակարան է հարկավոր, հարմարավետ աշխատասենյակ, իսկ ինքը պատասխանում էր, որ քանի դեռ շատ մարդիկ ապրում են նկուղներում, ավելի մեծ բնակարանի մասին խոսք չի կարող լինել»:
Երբեք իրեն չէր մեծարում ու չէր խոսում իր մասին: Լռում էր, եթե լավ բան չուներ ասելու ուրիշների մասին, թեև նա բոլորի մեջ տեսնում էր բարին ու ազնիվը: Մարդկանց մեջ գնահատում էր ազնվությունը, սկզբունքայնությունն ու հայրենասիրությունը: Տանել չէր կարողանում կաշառակերներին, անազնիվներին, հատկապես, նրանց ովքեր հայրենիքի հաշվին էին իրենց անձնական բարօրրությունն ապահովում:
Ինժեներական երկրաբանության ասպարեզի խոշորագույն երկրաբան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս տեխ.գիտ. դոկտոր պրոֆեսորի դերն ընտանիքում, նման չէր մյուս ընտանիքների հայրերի դերին. «Հայրս երբեք չի զբաղվել մեր դասերով, տնային աշխատանք պատրաստելով կամ ծնողական ժողով գնալով: Նա իր հեղինակությամբ էր դաստիարակում, ոչ թե Ծաղկաձոր գնալով ու դահուկ քշելով: Նա այն կերպարն էր, որին մենք միշտ պետք է արժանի լինեինք: Դա պատասխանատվության մեծ զգացում էր: Այնպես որ, նրա դերը սիմվոլիկ, բայց շատ ավելի ուժեղ էր»:
90-ականներին, երբ նրա 2 աղջիկները Հայաստանում չէին, 86ամյա գիտնականը միայնակ էր ու այլևս ինքնուրույն ապրելը դժվար` մութ ու ցուրտ տարիներին և աղջիկները որոշում են հորը տանել իրենց մոտ: Որպես հայտնի ու հանճարեղ մարդ ամերիկյան կառավարությունը սիրով ընդունում է նրան` այնքան ժամանակով, որքան կկամենա ինքը: Դրան նպաստում է նաև ամերիկացի գործընկերների նամակը, որտեղ նշված էլինում, որ Գեորգի Տեր-Ստեփանյանի ներկայությունը միայն դրական կարող է անդրադառնալ երկրի վրա: Մինչև կյանքի վերջին պահերը նա ակտիվ աշխատել է, սովորել է աշխատել համակարգչով և նոր հայտնագործություններ է հեղինակել:
Ի դեպ, Անահիտն ասում է, որ 99 տարեկան հասակում մեծ գիտնականը մահացել է անսպասելի, որովհետև իրեն լավ է զգացել և պատրաստվել է նշել 100 ամյակը: Գեորգի Տեր-Ստեփանյանը մահացել է Մոնրեալում` թոռնուհու տանը: