ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՎՃԻՌԸ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ գործերով կայացրել է առաջին վճիռը:«Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործն ավարտվեց, այսպես ասած, հօգուտ դիմումատու Արմեն Մկրտչյանի:
2002 թվականին նա ենթարկվել էր վարչական պատասխանատվության` ցույցի, երթի մասնակցելու համար: Դատարանը Մկրտչյանին տուգանել էր 500 դրամով: Արմեն Մկրտչյանը դիմել էր Եվրոպական դատարան` պահանջելով, որ դատարանը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիաի 11-րդ հոդվածի (ցույցերի և երթերի մասնակցելու ցանկացած անձի իրավունքը) խախտում համարի իրեն պատասխանատվության ենթարկելու հանգամանքը:
Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ իր առաջին վճռով սահմանեց, որ իսկապես, տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում: Որպես խախտման փոխհատուցում դատարանը պետության համար որևէ գումարային փոխհատուցում չի սահմանել, չնայած, որ դիմումատուն 5000 եվրո էր պահանջել որպես փոխհատուցում: Եվրոպական դատարանը համարել է, որ խախտման փաստի ճանաչումն արդեն իսկ բարոյական փոխհատուցում է: