ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ` «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»
Այսօր` հունվարի 26-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի թիվ ՎԲ-176/06 քրեական գործով («Մատաղիսի գործով») 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն և բողոք բերած անձանց: Համաձայն նշված որոշման` «Նախաքննության մարմնի, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 107-108-րդ հոդվածների, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի և 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք քրեադատավարական օրենքի էական խախտում են, ազդել են դատավճռի օրինականության վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմք են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավճիռները բեկանելու համար: Քանի որ թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումները, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, չեն կարող վերացվել դատական քննության ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները ենթակա են բեկանման` գործը նոր նախաքննության ուղարկելով»:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի` քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը, գտել է, որ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացնել հետևյալ պատճառաբանությամբ. «Շուրջ երեք տարի նրանք գտնվել են անազատության մեջ, այդ ընթացքում կատարվել են նախաքննություն, երկու դատական քննություն, հավաքվել են բավականին ապացույցներ, որոնց պայմաններում նրանց ազատ մնալը չի խոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը»:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` կից ուղարկում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի թիվ ՎԲ-176/06 քրեական գործով 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար
Ալինա Ենգոյան
Հեռախոս` 581559
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան