ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՆՊԱՏԱԿ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնականում պատասխանեց 2006 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին ու դատական նախադեպի ինստիտուտին առնչվող հարցերին:
Ներկայացնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի հարցազրույցը.
-Փաստաբաններն անընդհատ արտահայտում են այն կարծիքը, թե 2006 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները դատական համակարգում կամայականությունների նոր հնարավորություններ են ստեղծում: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Օրենսդրական փոփոխությունները հետապնդել են երկու նպատակ: Նախ` այդ փոփոխությունների կարևորագույն նպատակն էր բեռնաթափել ՀՀ վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը: Այսպես, եթե 2002 թվականին վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը քննել է 800 գործ, ապա 2005 թվականին քննված գործերի թիվը հասել է 2500-ի, այսինքն, ընդամենը 3 տարվա ընթացքում պալատի կողմից քննված գործերն աճել են մոտ երեք անգամ: Նման պայմաններում բեռնաթափելու լավագույն միջոցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինստիտուտի նախատեսումն էր: Նշված օրենսգրքի 231.2 -րդ հոդվածն հանգամանալիորեն ամրագրում է այն դեպքերը, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ: Օրենսդրական փոփոխությունների երկրորդ հիմնական նպատակը վճռաբեկ դատարանի լիազորությունների ընդլայնումն էր, որի վառ ապացույցն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը: Նշված հոդվածում թվարկված են ՀՀ վճռաբեկ դատարանի նոր լիազորությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը, իրոք, դարձել է բարձրագույն դատական ատյան, ստանձնել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր առաքելությունը, և ինչն ամենակարևորն է, վերջակետ է դրվել գործերի անընդմեջ շրջապտույտին:
-Տարակարծիք մեկնաբանություններ է առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այն հիմքը, համաձայն որի, վճռաբեկ բողոքը կարող է ընդունվել վարույթ, եթե ստորադաս դատական ատյանը թույլ է տվել դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանք:
-Այո, ցավոք նման տարաբնույթ մեկնաբանություններ առկա են, սակայն ի վերջո կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը: Պրակտիկայում իրավաբանների կողմից կիրառվում է հենց նշված մեկնաբանությունը:
-Քիչ չեն նաև կարծիքներն այն մասին, որ մեր երկրում այլափոխվում է նախադեպային իրավունքը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ.
-Պետք չէ վախենալ դատական նախադեպից: Նշված ինստիտուտը լավ միջոց է արագ, արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն իրականացնելու համար: Ծագումով անգլո-սաքսոնական այս ինտիտուտը լայնորեն կիրառվում է ռոմանո-գերմանական իրավական համակարգում, իսկ դրա վառ օրինակն է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի ամբողջ գործունեությունը հիմնված է հենց դատական նախադեպի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա