«ՊԱՏՎԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒՂԵՂՆ ԱՆՋԱՏԵԼ»
Մեկ տարի և 4 ամիս է (տասնվեց ամիս), ինչ «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանն ու փոխտնօրեն Արամ Ղազարյանն անազատության մեջ են: Նրանք մեղադրվում են մաքսանենգության, մաքսային և հարկային պարտավորությունները չկատարելու համար: Այս ընթացքում դատավարություն, ըստ էության, տեղի չի ունեցել:
Ի դեպ, դատավարության փուլում վերադառնում է ամբաստանյալների նախկին փաստաբանը` Աշոտ Սարգսյանը: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վերադարձը, մեր հարցին էլ պատասխանեց. «տակտիկական խնդիր է, ես այս գործն ավելի լավ գիտեմ»:
Աշոտ Սարգսյանի ու Գևորգ Մինասյանի այսօր հրավիրած ասուլիսին միացել էր նաև ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Նա վստահ է, որ այս գործը սարքովի է, կեղծիքներով լի, մեղադրանքն էլ չի համապատասխանում իրականությանը. «Վստահ եմ դրանում, հակառակ դեպքում ինձ թույլ չէի տա նման բարձրագոչ հայտարարություններ անել»,-ավելացրեց պատգամավորը:
Փաստաբան Աշոտ Սարգյանն էլ համարում է, որ իրավապահները պատվեր են կատարում.«Ազգային անվտանգության ծառայության քննիչ Մնացական Մարուքյանը պատվերն ընդունել է, աչքերը կարմրացրել ու ուղեղն անջատվել»:
Նրանց կարծիքով, ամեն ինչ արվում է Ռոյալ Արմենիային շուկայից դուրս մղելու նպատակով, որովհետեւ այս ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանն է առաջինը հայտարարել մաքսայինում կաշառք ուզելու մասին: Ինքը հրաժարվել էր կաշառք տալ, բայց տվել է մաքսային կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի անունը:
Ըստ ասուլիսի մասնակիցների ունեցած տեղեկությունների, «մաքսայինի» Գագիկ Խաչատրյանը սուրճ ներմուծող այլ ընկերությունների համար հատուկ շահագրգռվածություն ունի: Ասուլիսի մասնակիցների համոզմամբ, «այս պատմություններին անշուշտ տեղյակ է նաև Հանրապետության նախագահը, բայց ցավոք ոչ իրական պատկերին»: