ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զ. Փոստանջյանից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն Ա. Հարությունյանին ուղղված բողոքի կապակցությամբ.
«Եթե Ձեզ հայտնի է, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զ. Փոստանջյանը բողոք է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և մի շարք լրատվամիջոցների` իր «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ հիմնարկի աշխատակիցների կողմից իրեն ներկայացված պահանջների հետ կապված: Փաստաբան Զարուհի Փոստանջյանի բողոքում տեղ են գտել մի շարք անհիմն մեղադրանքներ և անճշտություններ` ընդհուպ մինչև այցելության օրվա ամսաթիվը (բողոքում նշված է «մարտի 3», այնինչ այցելությունը տեղի է ունեցել աշխատանքային օր` մարտի 2-ին): Նկատի առնելով, որ փաստաբան Փոստանջյանի` լրատվամիջոցներին ուղղված նամակը հարցադրումներ է առաջացրել, պարզաբանում ենք.
ՏԵՂԵԿԱՆՔ
Սույն թվականի մարտի 2-ին փաստաբան Զ. Փոստանջյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ` իր պաշտանյալներից երկուսի հետ հանդիպման: Հիմնարկի աշխատակիցների կողմից նրան առաջարկվել է պահոց հանձնել արգելված իրերը և բջջային հեռախոսը, եթե այդպիսիք կան: Զ. Փոստանջյանը պատասխանել է, որ իր մոտ ոչ մի արգելված իր կամ բջջային հեռախոս չկա: Երբ նրա վարքագիծը կասկածի տեղիք է տվել, քննիչների համար նախատեսված սենյակում նրան կրկին անգամ առաջարկվել է, առկայության դեպքում, կամովին հանձնել (ներս չտանել) արգելված իրեր, այդ թվում` ձայնագրիչ, լուսանկարահանող սարք կամ` բջջային հեռախոս: Փաստաբանը հայտարարել է, որ թվարկված առարկաներից իր մոտ չկան: Մետաղափնտրիչով զննվել է նրա մոտ գտնվող պայուսակը, այնտեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս` իր լիցքավորիչով: Զ. Փոստանջյանը հրաժարվել է հանձնել այն, աղմուկ է բարձրացրել` անվայել բառեր արտահայտելով հիմնարկի աշխատակիցների հասցեին, հրաժարվել է կազմել և ստորագրել որևէ արձանագրություն, իր մոտ ունենալով իր հետ բերած բջջային հեռախոսը` լքել է հիմնարկի տարածքը:
Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի այն փաստարկին, որ իր նկատմամբ խուզարկությունը պետք է կատարվեր ընթերակաների ներկայությամբ` ապա այն անհիմն է, քանի որ կատարված խուզարկությունը չի հանդիսանում քննչական գործողություն (վերջինս կատարվում է քննիչի կողմից և նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որով էլ սահմանվում է ընթերակաների ներկայության պարտադիր լինելը): Զ. Փոստանջյանի նկատմամբ կատարված խուզարկությունն իրականացվել է քրեակատարողական օրենսդրության հիման վրա, որով ընթերակաների մասնակցություն խուզարկությանը նախատեսված չէ:
Պետք է նշել նաև, որ նշված գործողությունները կատարվել են ողջամիտ ժամկետում, և Զ. Փոստանջյանի` «իրեն բռնի ձևով անազատության մեջ պահելու մասին» վերջինիս նշած 40 րոպեները, ինչպես և նրա կողմից նշված ամսաթիվը, չեն համապատասխանում իրականությանը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի (հաստատված է ՀՀ կառավարության` 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ) 88-րդ կետի` սույն կանոնակարգով արգելված իրերի և առարկաների և սննդամթերքի ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ: Համաձայն նույն կանոնակարգի 90-րդ կետի, այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը: Անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայողի պահանջով տրամադրվում է հագին եղած հագուստը այն զննելու նպատակով, առանց նսեմացնելու կամ նվաստացնելու խուզարկության ենթարկվողի անձը: Իսկ նշված կանոնակարգի 148-րդ կետը սահմանում է, որ պաշտպանի հետ տեսակցությունների ժամանակ պետք է պահպանվեն սույն կանոնակարգի պահանջները:
Հիմք ընդունելով վերը նշվածը` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից փաստաբան Զ. Փոստանջյանի խուզարկությունը իրավաչափ է. կատարվել է վերը նշված կանոնակարգի դրույթների հիման վրա:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով, ՀՀ ԱՆ կողմից նշանակված է ծառայողական քննություն»:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա