ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Հարցազրույց Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ
– Պարոն Մանուկյան, ինչպես հայտնի է, 2007 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնցով, մասնավորապես, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին դատավարական օրենսգրքերում: Մասնավորապես, ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ամրագրվեցին դատական սանկցիաներ նախատեսող նորմեր: Արդարադատության արդյունավետության բարձրացման գործընթացում ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ նորմը:
– Դատական սանկցիան կոչված է ապահովելու դատավարության բնականոն ընթացքը: Իհարկե, դրա կիրառողը դատարանն է: Սակայն նշված ինստիտուտի միակ նպատակն է պաշտպանել դատավարության մասնակիցների իրավունքները, քանի որ մի կողմի դատավարական իրավունքների չարաշահումը հանգեցնում է մյուսի սահմանափակմանը: Դրա հետևանքով ի վերջո խախտվում է իրավահավասարության սկզբունքը: Կարևոր է այն հանգամանքը, որ հասարակությունն ընկալի այդ ինստիտուտը որպես իր դատավարական իրավունքների ապահովման երաշխիք: Նշված ինստիտուտը դատավարության կողմերինն է և դրա կիրառումն անհրաժեշտ է ոչ թե դատարանին, այլ` կողմերի իրավունքների անխոչընդոտ իրականացման համար: Դատական սանկցիայի ներմուծմամբ դատավարության կողմերն ունեն լրացուցիչ զենք` ապահովելու իրենց դատավարական իրավունքների իրականացումը:
– 2006 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանին հնարավորություն ընձեռվեց վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե այն չի պարունակում դատավարական օրենսգրքերով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Այս հանգամանքը բողոքաբերների շրջանում դժգոհության առիթ դարձավ: Ի՞նչ կասեք:
– Բողոք բերողները հաշվի չեն առնում այն իրողությունը, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն այլևս գործերը վերանայող երրորդ ատյան չի համարվում: Այն ունի ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված հատուկ խնդիրներ և դրանք իրականացնելու համար համապատասխան լիազորություններ, որոնք ամրագրված են ճյուղային օրենսդրությամբ: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանը կոչված է իրականացնելու արդարադատություն` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու չափով: Վճռաբեկ դատարանին տալով դատական ակտերի վերանայման ավելի լայն իրավասություն` օրենսդիրը կխախտեր ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, համաձայն որի պետական մարմիններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ:
– Հրապարակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուն, որն ընդգրկում է սահմանադրաիրավական բարեփոխումների արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանին վերապահված սահմանադրական առաքելության շրջանակում կայացված որոշումները` սկսած 2007 թվականի սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսը: Եթե կարելի, է երկու խոսք այդ մասին:
– Հասարակական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում օրենսդրի համար հեշտ չէ ստեղծել իրավական նորմեր, որոնք ի վիճակի կլինեն կարգավորելու անխտիր բոլոր հասարակական հարաբերությունները: Իհարկե, որոշակիությունը իրավական համակարգի ցանկալի կողմն է, սակայն, առկա են վարքագծի տեսակներ, որոնք անհնար է կարգավորել որևէ կանոնի միջոցով: Այստեղ ի հայտ է գալիս Վճռաբեկ դատարանի օրենքի միատեսակ կիրառումն ապահովող որոշում ստեղծելու անհրաժեշտությունը, և դատարանը ինքը պետք է որոշի` արդյո՞ք բողոքը, որը ներկայացվում է Վճռաբեկ դատարան, կարող է նշանակություն ունենալ իրավունքի զարգացման և օրենքի միատեսակ կիրառման համար, թե՞ ոչ: Վճռաբեկ դատարանի որոշումների հրապարակումը դատական համակարգի գործունեության հրապարակայնության առավել բարձր աստիճան է ապահովում և մեր հասարակությանը հնարավորություն տալիս իրազեկ լինել դատական իշխանության գործունեությանը: Ուստի այս առումով ողջունելի է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուի լույս ընծայումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա