ԿԽԱԽՏԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՆ
15-օրյա ժամկետում «ԱրմենՏել»-ը պարտավոր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել հանրապետության այն համայնքների ցանկը, որոնցում պիտի թվայնացման աշխատանքներ իրականացվեն: Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ թիվ 60 լիցենզիայով սահմանված պարտավորությունների կատարման հարցը քննելիս, նման որոշում կայացրեց ՀԾԿՀ-ն:
Համաձայն որոշման, ընկերությունը պարտավոր է մինչև 2007թ. հունիսի 30-ը ավարտին հասցնել 810 համայնքի հեռախոսագծերի թվայնացումը, իսկ եռամսյակը մեկ պարտավոր է գրավոր տեղեկացնել պարտավորությունների կատարման ընթացքի մասին:
Հանձնաժողովը նաև որոշել է մարզերում տեղադրված 70.000 անալոգային գծերի արդիականացման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ ժամանակամիջոցում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի ավտոմատ եղանակով կատարել միջքաղաքային ու միջազգային զանգեր: «ԱրմենՏել»-ի կողմից պարտավորությունների չկատարումը, ոչ պատշաճ կատարումը կամ կատարման ժամկետների խախտումը, ըստ հանձնաժողովի, կդիտվի որպես թիվ 60 լիցենզիայի կոպիտ խախտում: