ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ Լ. ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ ԹԱՄԱՄՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Ոստիկանությունն այսօր հրապարակել է ծառայողական քննության արդյունքները` կապված «Պանդոկ» ռեստորանի սեփանակատեր Լեւոն Աշոտի Գուլյանի մահվան հետ: Հիշեցնենք, որ Լ. Գուլյանը հրավիրվել է ոստիկանություն` 2007 թ. մայիսի 9-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երեւանի Մանանդյանի փողոցի թիվ 17 շենքի առաջին հարկում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջեւ վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ հրազենի գործադրմամբ սպանված Ստեփան Գագիկի Վարդանյանի սպանության գործի հետ կապված:
Ըստ ոստիկանության հայտարարության, ռեստորանի մուտքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ձայների վրա Լ. Գուլյանը դուրս է եկել ու մոտեցել նրանց: Այդ ընթացքում հնչել են կրակոցներ: Ստեփան Վարդանյանի դիակը հայտնաբերվել է «Պանդոկի» մուտքից մոտ 1,5 մետրի վրա, իսկ սպանվածի կողքին հայտնաբերվել է Լ. Գուլյանի բջջային հեռախոսի մարտկոցը:
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ Շենգավիթի բաժնում Լեւոն Գուլյանի հետ զրուցել է ոստիկանության ՔՀԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը` դատախազության եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, այնուհետեւ Գուլյանը հրավիրվել է Շենգավիթ համայնքի դատախազություն, որտեղ հարցաքննվել է եւ ազատ արձակվել: Իրավապահները նշում են, որ հարցաքննությունների ժամանակ Լ. Գուլյանը թաքցրել է գործին առնչվող կարեւոր հանգամանքներ եւ սպանությոնը կատարող անձանց ինքնությունը:
Լեւոն Գուլյանը, նախաքննության մարտավարությունից ելնելով, մայիսի 12-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժնից նրան ուղեկցել են ՔՀԳՎ անձի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման բաժնի աշխատակիցները: Ժամը 14.30-ին, սահմանված կարգի համաձայն` ՀՀ ոստիկանության վարչական շենք մուտք գործելու հայտագիր եւ անցագիր լրացնելուց հետո, Գուլյանը ուղեկցվել է ՔՀԳՎ 2-րդ վարչության առաջին բաժնի պետի աշխատասենյակ:
Շուրջ 30 րոպե Լ. Գուլյանի հետ զրուցելուց հետո բաժնի պետը դուրս է եկել սենյակից` արդյունքները ՔՀԳՎ ղեկավարությանը զեկուցելու համար, ինչից հետո Գուլյանը աշխատասենյակում գտնվող ՔՀԳՎ 2-րդ վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայությունից, ժամը 15.20-ի սահմաններում, փորձել է փախչել սենյակի պատուհանից եւ այդ ընթացքում վայր է ընկել: Մինչ շտապ բուժօգնության ժամանելը ոստիկանության աշխատակիցները փորձել են օգնություն ցուցաբերել նրան, սակայն Լ. Գուլյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ ոստիկանության շտաբի կողմից համատեղ իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում գտնվելու ընթացքում Լ. Գուլյանի հետ առնչվել եւ զրուցել են միայն ՔՀԳՎ անձի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման բաժնի աշխատակիցները:
ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքներով հիմնավորվել է, որ ՔՀ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Թամամյանը մայիսի 10-ից ի վեր Լեւոն Գուլյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել:
Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննությունը շարունակվում են: Ընթացքի մեջ է նաեւ Ստեփան Վարդանյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում սպանության հանգամանքները ճշտելու եւ մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սա Ոստիկանության հայտարարությունն էր: