ԲՐՅՈՒՍՈՎԻ ԵՎ ՖԻՐԴՈՒՍՈՒ ԱՆՎԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Իրանի Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Ս. Զոլյանը և Ֆիրդուսու անվան համալսարանի ռեկտոր Ա. Աշուրին: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի և պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանի մայիսի 24-28-ը Իրան կատարած այցի արդյունքում: Այցը տեղի է ունեցել իրանական կողմի հրավերով: Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով, հետագայում կողմերի ցանկությամբ ժամկետը կարող է երկարաձգվել:
Նախատեսվում է համագործակցել գիտական և մշակութային գործընկերություն, ուսանողների և ասպիրանտների փոխանակում, դասախոսների, գիտական ու ադմինիստրատիվ աշխատողների փոխանակում, օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն) խորացված ուսուցում ուսանողների եւ ասպիրանտների համար: Նշենք, որ Մաշհադի Ֆիրդուսու անվան համալսարանը Իրանի խոշորագույն կրթական կենտրոններից է: Այն ունի ութ ֆակուլտետ, իսկ ուսանողների քանակն անցնում է 12 հազարից: Համալսարանը հրատարակում է 4 գիտական ամսագիր` գրականության և հումանիտար գիտությունների, մուսուլմանական աստվածաբանության, գյուղատնտեսական և ճարտարագիտական: