ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
2008-ի վերջին Իրան-Հայաստան գազամուղի հիմնական շինարարությունը կավարտվի: «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանի խոսքով, Հայաստանի գազատրանսպորտային համակարգի ընդլայնումը մեր երկրին հնարավորություն կտա Իրանից գազ մատակարարել երկրի կենտրոնական շրջաններին: Նա հայտնել է, որ գազամուղի երկրորդ հատվածի աշխատանքներն ինտենսիվորեն իրականցվում են, ժամանակացույցին համապատասխան և եթե արտակարգ ոչինչ չպատահի, մինչև տարեվերջ շինարարական հիմնական աշխատանքները կավարտվեն: Փոխտնօրենի խոսքով, հիմնական դժվարությունները պայմանավորված են եղանակային ոչ բարենպաստ պայմաններով և լեռնային դժվարանցանելի ռելիեֆով: Իրան-Հայաստան գազամուղի շինարարության համար ընդհանուր առմամբ կօգտագործվի 40 հազար տոննա 720 մմ տրամագծով խողովակներ, որոնք մատակարարում է Չելյաբինսկի գործարանը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանից Հայաստան է բերվել 720 մմ տրամագծով 1700 տոննա խողովակներ, որոնք նախատեսված են հենց գազամուղի երկրորդ հատվածի շինարարության համար: Երկրորդ հատվածը կանցնի Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ քաղաքներով: «Հայռուսգազարդ» ընկերության 2007-2009թթ ներդրումային ծրագրի համաձայն, նախագծի նախնական արժեքը կազմել է 52 մլրդ դրամ (150 մլն դոլար), որից 33 մլրդը նախատեսվում է ներդնել այս տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ գազամուղի առաջին հատվածի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այս տարվա մարտի 19-ին, որին մասնակցում էին նաև Իրանի և Հայաստանի նախագահները: Առաջին փուլում Հայաստանն օրական կստանա 1.5 մլն խմ իրանական գազ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան