ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ
Միգրացիայի վարչության կողմից 2003թ. հաշվառվել է Հայաստանի բոլոր վարչական շենքերում և վագոն-տնակներում ապրող 3500 փախստական ընտանիք: 2004 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց 2005-2007թթ. միջնաժամկետ ծրագիր, որում ընդգրկվեցին առաջնային համարվող այդ ընտտանիքները: Նրանց բնակարանային խնդիրը լուծելու համար նախատեսված է տրամադրել բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ): Ծրագրի իրագործումն սկսվել է 2005-ին:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանի տվյալներով, առաջին տարվա ընթացքում ԲԳՎ–ներ ստացել են Հայաստանի 9 մարզերում ապրող փախստական ընտանիքներ: Ծրագրում ընդգրկված չեն եղել Կոտայքի մարզն և Երևանը: 2006թ. ծրագիրը շարունակվեց Կոտայքի մարզի Նաիրի, Եղվարդի, Չարենցավանի և Հրազդանի շրջաններում: Այս տարի պետական բյուջեից գումար է հատկացվել Աբովյանի շրջանի վարչական շենքերում բնակվող փախստականներին վկայագրեր տրամադրելու համար: 230 ընտանիքների ԲԳՎ-ների տրամադրման համար հատկացվել է 1.63 մլրդ դրամ: ԲԳՎ-ների արժեքը հաշվարկվում է ծրագրի իրականացման պահի վերջին եռամսյակում տվյալ բնակավայրի անշարժ գույքի կադաստրային միջին արժեքով:
Նախատեսվում է հաջորդ տարի այս ծրագիրը շարունակել Երևանում: Մայրաքաղաքում բնակվող փախստականներին վկայագրերի համար անհրաժեշտ գումարի չափը կորոշվի եկող տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ: Նշենք, որ մայրաքաղաքում բնակվող փախստական ընտանիքների թիվը հասնում է 1500-ի: Սա բավականին մեծ թիվ է, եթե ի նկատի ունենանք, որ շահառուների ընդհանուր թիվը կազմում է 3500: Երևանում ծրագրի իրականացման ժամկետները պայմանավորված կլինեն պետբյուջեի հատկացումների ծավալից:
Այն ընտանիքները, որոնք ապրում են վագոն-տնակներում և չունեն տնամերձ հողամաս, ստացել են ԲԳՎ–ներ: Իսկ այն ընտանիքների համար, որոնք ապրում են վագոն-տնակներում և ունեն տնամերձ հողամաս կամ կիսակառույց տուն, իրականացվում է բնակարանաշինության ծրագիր դոնոր կազմակերպությունների կողմից: Դոնոր կազմակերպությունների թվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը և Փախստականների հարցերով Նորվեգական խորհուրդը: Վերջինս այս տարի ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Արա Հարությունյանի խոսքով, դրան զուգահեռ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանասավորումը պակասում է: «Հետևաբար հաջորդ տարի շատ ավելի ծանր կլինի այս կատեգորիայի ընտանիքներին բնակարաններով ապահովելը, այդ իսկ պատճառով այս տարվա ընթացքում նախատեսվում է ավելի ինտենսիվ աշխատել»,-ասում է նա:
Որոշ ընտանքներ իրենց ստացած ԲԳՎ–ներով չեն կարողացել բնակարաններ գնել: Այս ընտանիքները շարունակում են մնալ կարիքավոր և այդ ծրագրի շահառուներ: «Նրանց վերաբերյալ մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարությանը, որպեսզի վերանայվի նրանց ԲԳՎ–ների տրամադրման հարցը և հետագայում նրանք նույնպես ընդգրկվեն ԲԳՎ–ների ծրագրում»,-ասում է Արա Հարությունյանը: Ի դեպ, ԲԳՎ-ն տրամադելու օրվանից ընտանիքին տրվում է 6 ամիս ժամանակ: Այդ ընթացքում պետք է ձևակերպվեն բնակարանի գնման փաստաթղթերը, հակառակ դեպքում ԲԳՎ–ն հետ է վերադարձվում և մարվում: Ընդհանուր շահառուների թվում այդ ընտանիքները կազմում են մոտ 30-35 տոկոս: Բնակարան գնելուց հետո 2 տարվա ընթացքում բնակարան գնողը չի կարող այն վաճառել կամ նվիրատվությամբ փոխանցել: