ԻՆՉ Ե՞Ն ԿԱՐԴՈՒՄ
«Գրադարանի այցելուների մոտ յոթանասուն տոկոսը ուսանողներ են: Նրանք հիմնականում կարդում են ծրագրային գրականություն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօերն Վերգինե Առաքելյանը: Նրա խոսքով, տարեկան կարդում են շուրջ 197 հազար գիրք, որից 36 հազարը վերցնում են միջին դպրոցի աշակերտները: «Գրադարանը նվիրատվությունների տեսքով ամեն տարի ստանում է 400-600 գիրք, որոնց 90% տոկոսը հայ հեղինակներ են: Ամենամեծ պահանջարկն ունեն դասընթացներում ընդգրկված հեղինակներն ու գրքերը»,- նշեց փոխտնօրենը:
Panorama.am-ի թղթակիցը երևանյան գրախանութներից փորձեց պարզել, թե որ գրքերը մեծ պահանջարկ ունեն այժմ շուկայում: Ըստ «Գրքերի աշխարհ» գրախանութի` մեծացել է մանկական գունազարդ գրքերի պահանջարկը: Վերջին շրջանում շատ են հարցնում Օրհան Փամուկի` նոբելյանը մրցանակի արժանացած գիրքը: Ուսանողությունը գնում է մասնագիտական, ինչպես նաև ժամանակակից արտասահմանյան գրականություն: Դասականների դեպքում հետաքրքրվում են միջին հասակի հաճախորդները:
Պատմական գրքերի պահանջարկը բաժանվում է մասնագետների և հասուն տարիքի մարդկանց միջև: Ժամանակակից գրողներից ամենամեծ հետաքրքրությունը վայելում են Պաոլո Կոելյոն և Օկսանա Ռոբսկին: Ինչպես նշեցին գրախանութում, անցյալ տարվանից մինչ այսօր ամենամեծ պահանջարկն ունի Դեն Բրաունը և նրա «Դա Վինչիի ծածկագիր» գիրքը: Հայ ժամանակակից գրողներն, ըստ գրախանութի այսօր պահանջարկ չունեն: