ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ԿԱՇԱՌՔԻ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
«Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միությունը 53-09-66 թեժ գծով ընդունելության քննությունների անարդարությունների վերաբերյալ դիմորդներից ստացել է մոտ 70 ահազանգ: Միության ատենապետ Նարեկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ահազանգերը եղել են ինչպես հանձնաժողովի անդամների անարդարությունների, այնպես էլ կաշառքի և հովանավորչության դեպքերի վերաբերյալ: Միությունը պատրաստվում է քննություններից հետո ստացած բողոքների ամբողջական պատկերը ներկայացնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: «Չնայած նրանից առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք: Քննական 16 հանձնաժողովի նախագահներից 11-ինը նույնն է թողել»,-ասաց նա:
Ն. Գալստյանի տվյալներով, առավել շատ բողոքներ ստացվում են հայոց լեզվի (բանավոր), ֆիզիկայի, մաթեմատիկայի, պատմության քննական հանձնաժողովների վերաբերյալ: Միության ատենապետի հաշվարկներով, բողոքների շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում հայոց լեզվին, 25 տոկոսը` պատմությանը, 10 տոկոսը` մաթեմատիկային: Թեժ գծի ծառայությունից մեծ մասամբ օգտվել են սոցիալապես անապահով ընտանիքների դիմորդները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ միության ատենապետը հայտարարել էր, որ նախորդ տարվա ընդունելության քննությունների ընթացքում ՀՅԴ-ն աշխատել է 3 մլն ամերիկյան դոլար, ևս 2 միլիոն աշխատել է նախագահի վերահսկողական ծառայությունը: