ՈՒԹ ԱՌԱՐԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ 20 ՄԻԱՎՈՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ընդունելության քննությունների ավարտին մնացել է ընդամենը չորս օր: Այսօրվա տվյալներով, քննություններին մասնակցել է 20 274 դիմորդ: Նրանցից 4141-ը ստացել է 18-20 միավոր:
Նշենք, որ այսօրվա դրությամբ 20 միավոր չի գրանցվել ութ առարկաներից` ֆիզիկա, քիմիա, հայոց լեզու (բանավոր), ստեղծագործական մրցույթ, ընդհանուր պատմություն, կենսաբանություն, գերմաներեն (բանավոր), հայ ժողովրդի պատմություն: Առավել շատ 20 միավորներ դիմորդներն այս տարի ստանում են անգլերեն (գրավոր) և ռուսաց լեզու (գրավոր) քննություններից: Անգլերեն քննությունից առավելագույն միավոր է ստացել 267 դիմորդ:
Դիմորդների մեծ մասը ցածր միավորներ ստանում է մաթեմատիկայի քննությունից: Մինչ այսօր մաթեմատիկա առարկայից քննություն է հանձնել 5145 դիմորդ, որից 1254-ը ստացել է անբավարար, իսկ 776-ը` անցողիկ նվազագույն 8 միավոր:
Քննությունների մեկնարկից մինչ օրս իրենց գնահատականը գանգատարկել են 1323 դիմորդներ: Նրանցից երեքի գնահատականը իջեցվել է, 278-ինը` բարձրացվել է, մյուսներինը մնացել է անփոփոխ: