ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ `ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ
Այս տարի առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյում, Սիլիկոն Վելիի հարևանությամբ, հուլիսի 4-7-ը կազմակերպվել է «ԱրմԹեք» տեղեկատվական տեխնոլոգիաներին (ՏՏ) նվիրված հայկական միջազգային համաժողով:
«Այս համաժողովը Հայաստանի կառավարության, Սփյուռքի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համայնքի միջև համագործակցության հիանալի օրինակ էր: Այն սփյուռքահայ ձեռներեցների, ներդրողների և Հայաստանի գործարար շրջանակների չափազանց դրական փոխգործակցության արդյունքն էր»,-ամփոփոփելով համաժողովի արդյունքներն` այսօրվա ասուլիսում ասաց USAID/CAPS ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Գուրգեն Չուքասզյանը:
«Վիա սֆեր» տեխնոպարկի տնօրեն Արամ Վարդանյանը նշեց, որ այս համաժողովը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին ընձեռեց իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու, պոտենցիալ ներդրողներին և բիզնեսի գործընկերներին հանդիպելու, ինչպես նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային համայնքի կարևոր անդամների հետ կապեր հաստատելու հնարավորություն:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքով, «ԱրմԹեք» համաժողովին մասնակցող հայակական պատվիրակությունը փորձեց խթանել գործարարության, կադրային համալրման և բարձր տեխնոլոգիաների ոլորտումգործող հայակական ընկերություններում ներդրումների կատարման հնարավորությունները:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 300 ընկերություն, այդ թվում Հայաստանից մասնակցել է ՏՏ ոլորտի 11 կազմակերպություն, ինչպես նաև ներկա են եղել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահարմ Ներսիսյանցը:
Գ. Չուքասզյանը նշեց, որ համաժողովից անմիջապես հետո Հայաստանի ՏՏ ոլորտի շահագրգիռ անձանց պատվիրակությունը մասնակցեց Կալիֆորնիայում կազմակերպվող ճանաչողական այցին: Նրա խոսքով, այցի շրջանակներում մասնակիցները ծանոթացան Միացյալ Նահանգների ՏՏ ոլորտի լավագույն փորձին:
Ըստ բանախոսի, այսպիսի համաժողով նախատեսված է կազմակերպել 2 տարի հետո, սակայն այդ ընթացքում Հայաստանում կազմակերպվելու են ՏՏ ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան