ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԽՈՒՄԲԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱԽԱԳԾՈՎ
Օգոստոսի 26-ին հայ և թուրք երաժիշտներից կազմված «ՅաշԱր» խումբը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «Ռոք խաղաղության համար» փառատոնին: Ինչպես Panoram.am-ին հայտնեց «D.SVOTA MUSIC Production»-ի հանրային կապերի պատասխանատու Մերի Եգանյանը, հայ երաժիշտները ներկայանում են Հրանտ Դինքին նվիրված նախագծով:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին երաժիշտ Արթո Թունչբոյաջյանի և թուրք երգահան Յաշար Կուրտի նախաձեռնությամբ սկիզբ էր դրվել մի մեծ նախագծի, որը նվիրված էր ոճրագործության զոհ դարձած մեծ մարդասեր և հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Նախագծի առաջին քայլը հայ և թուրք երաժիշտներից կազմված խմբի ստեղծումն էր, որը Յաշար Կուրտի ու Արթո Թունչբոյաջյանի անուններով կոչվում է «ՅաշԱր» (թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ապրող»):
Փառատոնն այս տարի համախմբելու է 100000-ից ավելի մասնակիցների ու հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, հյուրընկալելու է ընդհանուր առմամբ 62 երաժշտախմբերի: Նրանցից միայն վեցն են այլ երկրներից և այդ թվում` «ՅաշԱր» խումբը: Խմբի կողմից փառատոնում ներկայացվելիք ծրագրում ընդգրկված են «ՅաշԱր» խմբի առաջին ձայնասկավառակի ստեղծագործությունները, որոնց հեղինակներն են Յաշար Կուրտը և Արթո Թունչբոյաջյանը: Խմբի ստեղծման և երկու երաժիշտներին միավորող գաղափարը այն է, որ նրանք, ինչպես և Դինքը, դեմ են ատելությանը, անհանդուրժողականությանն ու վրեժին:
Մ. Եգանյանի խոսքով, փառատոնն ավանդաբար անցկացվում է բաց երկնքի տակ, մասնակիցների ճամբարում: «ՅաշԱր» խմբի մասնակիցները Ստամբուլ կմեկնեն արդեն օգոստոսի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին