ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՈՒՀԵՐԸ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ
Չինական Ցզյաո Տուն համալսարանի մասնագետները հերթական անգամ տարեկան հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է աշխարհի լավագույն ուսաումնական հաստատությունների դասակարգումը: Ըստ այդմ, ինչպես և նախորդ տարի, 2007թ. լավագույն համալսարան է ճանաչվել Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է vzglyad.ru-ն:
Համալսարանների դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ստենֆորդի, իսկ երրորդը` Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանը: Եվրոպական աշխարհամասի լավագույն համալսարանը ճանաչված Քեմբրիջը միայն չորրորդն է: Իսկ լավագույն կադրերի պատրաստման անգլիական մյուս դարբնոցը` Օքսֆորդի համալսարանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ուշագրավ է, որ դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում համալսարանների կազմն արդեն որերորդ տարին է փոփոխության չի ենթարկվում: Այստեղ ընդամենը որոշ փոխատեղումներ են իրականացվում: Այսպես օրինակ Քեմբրիջը նախորդ տարի երկրորդն էր, սակայն այս տարի երկու կետով զիջել է դիրքերը:
Դասակարգման աղյուսակում լավագույն հարյուր համալսարանների ուղիղ կեսը գտնվում են Միացյալ նահանգներում, որին այդ ցուցանիշով հետևում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ճապոնիան: Լավագույների ցուցակում տեղ են գտել նաև Ավստրալիայի, Դանիայի, Իսրայելի, Կանադայի, Նիդերլանդերի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեցարիայի ու Շվեդիայի մի շարք համալսարաններ: Նախկին ԽՍՀՄ երկրներում գտնվող բուհերից միայն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալասարան է մտել առաջին հարյուրյակ: Այն դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 76-րդ տեղը: