ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔ` ԱՌԱՆՑ ԳՈՎԱԶԴԻ
Վերջին շրջանում, Երևանի տարբեր համայնքներում շինարարական բուռն աշխատանքներով պայմանավորված, «Հայռուսգազարդ» ընկերության կողմից գազի մատակարարման անջատումները սկսել են անհանգստություն առաջ բերել բնակչության շրջանում:
Panorama.am-ի խմբագրություն զանգողները անհանգստանում են, որ չեն հասցնի հետևել գազի պարբերաբար անջատում-միացումներին և բնակարաններում գազի արտահոսք տեղի կունենա, ինչի մասին «դժվար թե գլխի ընկնենք. էս գազը հոտ չունի»:
Մանավանդ այժմ, երբ ցերեկային ժամերին տանը հիմնականում դպրոցից ազատ երեխաներն են... Ճիշտ է, անջատումների մասին լրատվական ծառայությունները հիշեցնում են, սակայն դրանք հենց այն հաղորդումներն են, որ երեխաները չեն էլ նայում:
Իսկ գազից օգտվելու անվտանգության կանոնների մասին հիշեցնող սոցիալական գովազներ, ԳԻՏԵՔ` չեն տրվում...
Այնինչ ԱԻՎ-ի գազի պայթյունների մասին հաղորդագրությունները գնալով կարծես աճում են: Գազի արտահոսքը տարբեր, այդ թվում` նաև մահվան ելքով պատահարների պատճառ է դառնում: Վերջին դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ, երբ Շիրազի փողոցի 20 շենքում գազի արտահոսքի, ապա նաև պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Panorama.am-ի թղթակիցը «Հայռուսգազարդ» ընկերությունից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը, և արդյո՞ք այդ ընթացքում հիշյալ հասցեում, իրենց կազմակերպության կողմից գազի անջատում իրականացվել է, ինչին ի պատասխան «Հայռուսգազարդից» հայտնեցին, որ ընդհանրապես Աջափնյակ համայնքում անջատումներ եղել են, սակայն այժմ ոստիկանները հետաքննություն են վարում` պարզելու պայթյունի պատճառները:
Ինչպիսին էլ լինի հետաքննության պատասխանը, միանշանակ պարզ է. ցանկացած պատճառով գազի արտահոսքի հետ կապված բնակչությանը զգուշացնելու կամ պարբերաբար հիշեցնելու աշխատանքները ամենևին բավարար չեն: