ԹԻՎ 16 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Թույլ տեսողությամբ երեխաների հատուկ` թիվ 16 դպրոցում այսօր սովորում է 6-18 տարեկան 251 երեխա: Դպրոցում գործում է նաև երկարօրյան` սաներից 80-90-ը գիշերում են դպրոցում: Այստեղ բացի թույլ տեսողություն ունեցողներից սովորում են 6-7 երեխա ունեցող բազմանդամ ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ երեխաները: Դպրոցի տնօրեն Մարիետա Պետրոսյանի խոսքերով, երեխաները հնարավորություն ունեն շաբաթ և կիրակի օրերն անցկացնել տանը` հարազատների հետ:
Դպրոցը կառուցվել է 1967 թվականին և հասցրել է 1990-ականներին իր հարկի տակ ապաստան տալ Ադրբեջանից գաղթած փախստականների ընտանիքներին: Արդեն 40 տարի է, ինչ այստեղ չէին կատարվել վերանորոգման աշխատանքներ և հնարավոր դարձավ միայն այս տարի:
Երևանի թիվ 16 հատուկ դպրոցն այսօր բացի կաթացող տանիքից, անսարք սանհանգույցից ու ոչ բարեկարգ դասարաններից շատ ու շատ այլ խնդիրներ ևս ունի: Դպրոցի տնօրենի հավաստմամբ, իրականում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց իրագործման համար հսկայական գումար է հարկավոր:
Տնօրինությունը կարևորում է դպրոցի ջեռուցման ու գույքի խնդիրը: Մ. Պետրոսյանն ասում է. «Մեր դպրոցի գույքն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Այսքան տարի օգտագործելուց հետո լիովին անպետք են դարձել, էլ չեմ ասում, որ մենք այն ստացել ենք Արագածոտնի մարզի լուծարված գիշերօթիկ դպրոցներից մեկից»,- ավելացրեց Մ.Պետրոսյանը:
Չնայած այս ամենին դպրոցի սաները սպասում են նոր ուսումնական տարվան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան