PANORAMA.AM. ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԱՐԱՐԱՏԸ ԿՏԵՍՆԵՆ ՄԵ'Ր ԱՉՔԵՐՈՎ
Panorama.am-ի հատուկ արշավախումբը օգոստոսի 24-ին իր ողջույնը հղեց համայն հայությանը բիբլիական Արարատի գագաթից: Սա` հասնելուց մի քանի րոպե հետո միայն. սկզբում գագաթին հասած չորսը փորձում էին համատեղել «հասանքը», ոգևորությունը, հպարտությունը, բացված տեսարանն ու էլի զգացմունքներ, որ այսքան պատմելուց հետո էլի չեն գտնում իրենց ճիշտ նշանակության բառերը: Չորս օր տևած վերելքն իրոք հերոսական էր. մեր արշավախմբին բաժին հասան է’լ ձյուն ու անձրև, է’լ բուք, էլ թրջված քնապարկեր, է’լ կուրացուցիչ վերելք օրը ցերեկով, որ սովորաբար համարվում է վտանգավոր, որովհետև գագաթը չի երևում... Ճնշումների շնչակտուր անող տարբերություն, այրված դեմքեր, ձյան փայլից կուրացած աչքեր...
Արշավախմբի օրագրից. «Երբ գնում էինք, նպատակն այնքան կարևոր էր, որ ոչ մի այլ խոչնդոտ մտածելու առիթ չէր տալիս. կարևորը գագաթ հասնեինք, բայց թե ինչպես դա մեզ կտրվի` չէինք էլ պատկերացնում: Նախօրոք ոչ ոք չգիտեր, որ եղանակն այդպես կտրուկ կփոխվի... Մեզնից ընդամենը մեկ օր առաջ 25 հոգանոց պարսիկ կանանց խումբ էր իջել գագաթից: Նման բան լսելուց, թվում է, որ, իհարկե, ամեն ինչ հեշտ է լինելու, բայց Արարատն անկանխատեսելի էր... Դեպի գագաթ ճանապարհին եղանակը փոփոխվում էր քառորդ ժամը մեկ»:
ՕԳՈՍՏՈՍԻ 22. ՎԵՐԵԼՔԻ ՍԿԻԶԲԸ
Արշավախմբի օրագրից. «Շարժվեցինք դասական ծրագրով: Մեքենայով խումբը բարձրացավ մինչև 2200 մետրը: Քուրդ ուղեկցորդները ձիերի վրա բարձեցին իրերը, իսկ մենք սկսեցինք քայլել: Թվում էր առաջին հազար մետրը ամենահեշտն է տրվելու, պարզվեց հակառակը. երկարությամբ դա ամենահեռավոր տարածքն է, որ պետք է անցնեինք: Չէինք նախատեսել նաև անձրևի հավանականությունը. խմբի մի մասը տաք հագուստներով էր, մյուսը` ամառային, իսկ անձրևը խոր աշնանային էր: Առաջին ճամբարին մնացել էր դեռ 500 մետր, իսկ մենք արդեն ամբողջովին թրջվել էինք...»:
Յուրաքանչյուր.«Հենց հասնենք վրաններին` լիքը ջուր եմ խմելու ու քնեմ, ուրիշ ոչինչ»:
3200 ՄԵՏՐ
Արշավախմբի օրագրից. «Հավաքվեցինք ամենամեծ վրանում և մեկ ժամում ավելի շատ թեյ խմեցինք, քան երևի թէ խմել էինք ողջ կյանքի ընթացքում: Մի փոքր հանգստանալուց հետո անցած կիլոմետրերի մասին արդեն ոչ ոք չէր հիշում»:
Օգոստոսի 22-ին Panorama.am-ն ստացավ Արարատի վրայից իր արշավախմբի առաջին ողջույնն ու հավաստումը, որ «անպայման կհասնենք գագաթ»:
ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ
Արշավախմբի օրագրից. «Վրաններում անցկացրած առաջին գիշերը բոլորի համար էլ... անսովոր էր: Թրջված քնապարկեր, հորդառատ անձրև, դղրդացող և պայթող կայծակներ...»:
ՕԳՈՍՏՈՍԻ 23: ԼՈՒՍԱԲԱՑ
Արշավախմբի օրագրից. «Եղանակը հրաշալի է: Արևն` ուղիղ մեր գլխավերևում, իսկ գիշերվա երկարատև անձրից հետո , հողը մի տեսակ լեռնային թարմության բույրով էր լցվել... Խմբի ընդհանուր տրամադրությունը ուղիղ համեմատական է եղանակին: Շարժվեցինք առավոտյան ժամը 8-ին»:
Յուրաքանչյուր. «Վստահ եմ, որ անպայման գագաթ կհասնեմ»:
3200 ՄԵՏՐԻՑ 4200 ՄԵՏՐ
Արշավախմբի օրագրից. «Բարձրությունը կտրուկ ուղղահայաց է: Ճանապարհի երկրորդ հատվածը ոմանց միայն ավելի հեշտ տրվեց, քան նախորդը: Գիշերվա կարկուտը հաստ շերտով կուտակվել էր լեռնոտ ապառաժների միջով տանող ճանապարհի վրա, իսկ լուսաբացի արևը այն սկսել էր հալեցնել... Դեպի վեր տանող ողջ արահետի երկայնքով առու էր հոսում: Մենք բարձանոմ էինք վեր, ամեն քայլից առաջ ձեռնափայտը խրում թաց հողի մեջ, ոտքը դնում առաջ` հուսալով, որ քայլը ճիշտ է արված»:
Յուրաքանչյուր.«...սահելու դեպքում ձեռնափայտս չի թողնի, որ ընկնեմ...»:
3800 ՄԵՏՐ
Արշավախմբի օրագրից. «Սկսվեց ձնապատ հատվածը: Եղանակը սաստկացավ, իսկ երբ հասանք 4200 մետրի` արդեն սառնամանիք էր: 3200-ից 4200 -ը հասանք 5 ժամվա ընթացքում:
4200 ՄԵՏՐ. -10 ԱՍՏԻՃԱՆ
Արշավախմբի օրագրից. «Քամին այնքան ուժեղ է, որ միայն ամենափոքր վրանները կարող են գետնի վրա մնալ. դրսում սուլացող փոթորի է: Մեր անձնական խոհարարը փորձում է ընթրիք պատրաստել: Մենք փոխել ենք թաց հագուստները և անհամբեր սպասում ենք պատրաստվող ընթրիքին: Ձնախառը մրրիկը չէր դադարում»:
ԳԻՇԵՐ
Արշավախմբի օրագրից. «Ծրագրով նախատեսվում էր, որ այս գիշեր, ժամը 2-ին պետք է շարժվեինք դեպի գագաթ: Սակայն գիշերն անցավ հորդառատ ձյան, կարկուտի ու ահաբեկող փոթորիկի մեջ...»:
ԱՌԱՎՈՏ
Արշավախմբի օրագրից. «Վախենում ենք նայել վեր: Խիտ մառախուղի պատճառով կարելի է միայն կես մետր հեռավորությունը «տեսնել», իսկ մնացածն անհայտ է: Ի՞նչ անել...»:
Յուրաքանչյուր. «Մի՞թե այս չարաբաստիկ գիշերը վերջնականպես փակեց մեր ճանապարհը դեպի մեծ երազանք»:
ՈՐՈՇՈՒՄ
Արշավախմբի օրագրից. «Երկար մտածելուց հետո որոշեցինք գնալ մինչև 4900 մետր, եթե այնտեղ եղանակը լավը լինի կհասնենք գագաթ, իսկ եթե ոչ… Չնայած` այդ մասին ոչ ոք չէր ուզում մտածել:
Յուրաքանչյուր. «Գոնե կիմանամ, որ հեշտ չենք հանձնվել»:
Օգոստոսի 23, 4.200 մետր բարձրություն. փորձառու ուղեկցորդը չէր ուզում շարունակել ճանապարհը և շարժվեց միայն այն ժամանակ, երբ հայտարարեց, որ հրաժարվում է որևէ պատասխանատվությունից...
ՔՈՒՐԴ ՋՈՒՄԱ
Արշավախմբի օրագրից. «Մեր ուղեկցորդը համաձայն չէ: Նա հասկանում է, որ եթե մենք հասանք 4800-ի,հետո ինչ եղանակ էլ լինի... կգնա'նք դեպի վեր: Ջուման կտրականապես հրաժարվում էր. «Վտանգավոր է, ոչինչ չի երևում, քամին անկանխատեսելի է, ամպերն էլ մեզ վրա են շարժվում, անցած տարի նման կերպ երկու իտալացի են զոհվել, պետք է ետ գնալ..
Մենք որոշեցինք քայլել դեպի երազանք: Ջուման մեզ մենակ չթողեց»:
ԵՂԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ՓՈԽՎԵՑ
Արշավախմբի օրագրից. «Արև դուրս եկավ, և անգամ` շոգ է: Ամպերը մնացել են ներքևում: Տեղ-տեղ ձյունը հասնում է ծնկներին, իսկ 60 աստիճանի թեքության ճանապարհը անցնում է լավային բեկորների միջով: Ոմանք ետ էին մնում, ոմանք առաջ անցնում: Նախօրոք պայմանավորվել էինք` բոլորս գնում ենք միասին: Ովքեր առաջևից են գնում, ժամանակ առ ժամանակ կանգ են առնում, սպասում մյուսներին: Առջևից գնում էին հիմնականում փորձառունները»:
ԵՐԵՔ ԺԱՄ ԱՆՑ. 5000 ՄԵՏՐ
Արշավախմբի օրագրից. «Արարատը մեզ հետ է, պայծառ արև, բաց ճանապարհ, ոչ մի հալոցք: Երևի թե մեր համառությամբ արժանացանք նրա հարգանքին... Մնում է 165 մետր բարձրություն»:
ՄՆԱՑ 165 ՄԵՏՐ
Արշավախմբի օրագրից. «Մառախուղը մի պահ հեռացավ, և բոլորը քարացան բացված տեսարանից. Գագաթը հենց մեր առաջ է` մնում է միայն ձեռքը առաջ մեկնել...
Մեր ետևից արագ-արագ վեր էին շտապում ամպերի հաստ շերտեր: Մեզ էլ է անհրաժեշտ շտապել, մառախուղը պետք է մեզ չհասնի, թե չէ կարող ենք կորցնել երազանքը, երբ այն գրեթե ձեռքերի մեջ էր: Ջուման շտապեցնում է.«Ես Արարատին չեմ վստահում.. .»:
ԳԱԳԱԹ
Արշավախմբի օրագրից. «Երբ տեսանք գագաթը, բոլորի մոտ կարծես երկրորդ շնչառություն բացվեց: Սակայն դեռ պետք է գնայինք այնքան, ինչքան եկել էինք...»:
3 ԺԱՄ ԱՆՑ. «ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ»
Արշավախմբի օրագրից. «Արարատի գագաթին ենք` 5165 մետր բարձրության վրա: Լինել այդտեղ` եղել և մնում է միլիոնավոր հայերի երազանքը: 2007 թվականի օգոստոսի 24-ին, հայկական ժամանակով 16.00-ին մենք իրականացրեցինք մեր երազանքը: Այն մեզ հեշտ չտրվեց, սակայն հիմա` ծածանվում է Panoraman.am-ի դրոշն ու մենք ուրախությունից միայն գգոռում ենք..
Արարատի գագաթին ծածանվեց նաև «ՖԵՐՈ» սրճի դրոշը, որը հանդիսանում էր այս արշավի հովանավորը. մարդիկ հավատացել էին մեր հաղթանակին և աջակցել, որպեսզի գաղափարը դառնա իրականություն»:
Արարատ մեկնած յոթից գագաթ հասան չորսը. միակ երկու աղջիկները` Արմինե Հարությունյանն ու Անահիտ Հայրապետյանը բարձրացան մինչև վերջ: Օգոստոսի 24-ին Panorama.am-ի դրոշը ծածանվեց Արարատի վրա: Վերադարձան բոլորը:
Մենք կիսում ենք մեր այս հաղթանակը ձեզ հետ, սիրելի ընթերցողներ. մեզ բոլորիս` նորանոր նվաճումներ:
ՆԿԱՐՆԵՐԸ` Panorama.am-Ի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11
ԱնիՏուրը հրավիրում է Արարատի գագթը բարդզրանալու ուղեվորությունների, ինչպես նաեվ պատմական Հայաստան շրջագայության.
ցանկացողները կարող են զանգահարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները