ՍԵՊՏԵՄԲԵՐ. ԻՍԿ 27 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Այս տարի Երևանում դեռևս վերանորոգվել է 17 դպրոց, իսկ 27 դպրոցներում վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Նա վստահեցրեց, որ 27 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքները դասերին չեն խանգարում, քանի որ դպրոցների ներսի շինարարական աշխատանքները ավարտվել են, այժմ իրականացվում են դպրոցների արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքները: Նա հավաստիացրեց, որ բարեկարգման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին:
Օ. Վաթյանի խոսքով, այդ դպրոցների վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 3 մլրդ 700 մլն դրամ, իսկ քաղաքապետարանի միջոցներից` 500 մլն դրամ: Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի, վթարային 5 դպրոցի վերանորոգման համար «Լինսի» հիմնադրամը հատկացրել է շուրջ 10 մլն ամն դոլար: Նրա խոսքով, «Լինսի» դպրոցաշինության ծրագիրը այժմ ընթացքի մեջ է և նախատեսված է ավարտել դեկտեմբերի վերջին: Այդ 5 դպրոցների աշակերտները այժմ հաճախում են հարևան դպրոցներ: