ԸՆԲՇԱՄԱՐՏ ԲԱՔՎՈՒՄ. ԵՐԵՎԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է, ԲԱՔՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ազատ և հունահռոմեական ոճի թիմերը մինչև սեպտեմբերի 17-ը մեկնելու է Բաքու մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք աշխարհի լիցենզավորված առաջնությանը: Այդ մասին Panorama. am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Յուրա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
Մինչդեռ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե «հնարավոր է, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականը չմասնակցի առաջնությանը, քանի որ մինչ այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել»:Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաևի խոսքերով. «Հայ սպորտսմենների ազգանունները բացակայում են նախնական հայտ ուղարկած 99 երկրների ցուցակից»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից Panorama.am-ին տեղեկացրեցին սակայն, որ համապատասխան հայտն ուղարկվել է FILA` ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, որն իր հերթին այն պետք է փոխանցեր մրցույթի կազմկոմիտեին: «Մենք ուղարկել ենք, այսօր կզանգենք ՖԻԼԱ, կպարզենք ինչու չի հասել»,- հայտնեցին ֆեդերացիայից:
Ամեն դեպքում նկատենք, որ նախնական հայտի ներկայացումը պարտադիր չէ մրցույթին մասնակցելու համար: Հայ մարզիկները առաջնությանը մասնակցելու իրավունքից կարող են զրկվել միայն եթե չմասնակցեն սեպտեմբերի 16-ին կայանալիք` մրցույթի մեկնարկին նախորդող մարզիկների կշռմանը:
Յ. Ալեքսանյանի խոսքերով, առաջնությանը մասնակցելու համար Բաքու են մեկնող պատվիրակության կազմում են լինելու բժիշկները, մերսողները և որպես մրցավար մեկնելու է նաև Սամվել Հարությունյանը: