ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆԵՇՆԼ ԻՆՍԹՐՈՒՄԵՆԹՍ»-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Նեշնլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերության միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը և «Նեշնլ ինսթրումենթս»-ի Ասիայում վաճառքների գծով փոխտնօրեն Վիկտոր Մայերսը:
Ն. Երիցյանի խոսքով, այս փաստաթուղթը ստորագրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացվող միջոցառումների շրջանակում: Հուշագրով ամրագրվեց մեր երկրում գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրեր իրականացնելու կողմերի պատրաստակամությունը: Գործնական առաջին քայլերն արդեն արված են, ամերիկյան ընկերությունը Երևանում բացել է տարածաշրջանային առաջին կենտրոնը, այպիսով ընդլայնելով իր գործունեությունը ԱՊՀ տարածքում: Կենտրոնում առայժմ աշխատում է հինգ մասնագետ, որոնք վերապատրաստվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հնդկաստանում: Ավելին, նորաստեղծ կենտրոնն արդեն պատվերներ է ընդունում:
Նախարարը հույս հայտնեց, որ ամերիկյան ընկերության հետ գործակցությունը բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորություն կստեղծի: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի ճարտարագիտական և տեխնիկական լաբորատորիաների վերազինմանը, որոնք, ինչպես նկատեց ընկերության ղեկավարը, ունեն ճարտարագետների լավ դպրոց:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ ընկերության ներկայացուցիչները այցելում են Հայաստան, նրանք տեխնիկական սեմինարներ են կազմակերպել Գիտությունների ազգային ակադեմիայում, Գյումրիի տեղեկատվական կենտրոնում: Այդ այցերի արդյունքում ընկերությունը որոշել է կենտրոն բացել հենց մեր երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան