ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻ՞Ն, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱ՞ՄԲ
Գլխավոր դատախազությանը կից ստեղծվելու է 20 հոգուց բաղկացած կազմով մի մարմին, որը գործելու է ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողությամբ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներին իր «նախընտրական» ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ներկայիս գլխավոր դատախազ և ապագա 6 տարիների գլխավոր դատախազի թեկնածու Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
«Դատաիրավական բարեփոխումների արդյունքում դատախազությունն այլևս նախաքննություն չի իրականացնելու: Նախաքննության իրականացումը դրվեց ոստիկանության, Ազգային անվտագության, հարկային և մաքսային մարմինների վրա: Այս տարի արդեն իսկ հարկային և մաքսային մարմիններում ձևավորվել են քննչական մարմիններ և իրականացվում է քննություն»,- նկատեց Ա. Հովսեփյանը:
Իսկ եթե հանկարծ վերոնշյալ մարմիններում քննություն կատարողներն իրենք են հանցագործությունների հեղինակ կամ չարաշահումներ են իրականացնում, ապա ո՞վ պետք է հսկի նրանց: Դատախազությունում շատ երկրների փորձն են ուսումնասիրել և եկել են այն եզրակացության, որ պետք է նման մի մարմին ստեղծել, ինչի մասին ասվեց վերևում:
Գլխավոր դատախազությանը կից այս մարմինը,ինչպես նկատեց Աղվան Հովսեփյանը, բացահայտելու է նաև կոռուպցիոն դեպքերը պաշտոնյաների, ինչպես նաև պատգամավորների շրջանում:
«Մենք փորձելու ենք առավելագույնս անկախ դարձնել այդ մարմնի գործունեությունը», - վստահեցրեց Աղվան Հովսեփյանը: Ի դեպ, անկախ լինելու մասին. նախատեսված է, որ այդ մարմնի ղեկավարին ներկայացնելու է գլխավոր դատախազը և նշանակելու է ՀՀ նախագահը: