ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒՆ
«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների վերաքննիչ դատավարությունն այսօր սկսվեց ընկերության փոխնախագահ Արամ Ղազարյանի ցուցմունքներով: Ցուցմունքները սկսելուն պես Արամ Ղազարյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինքը «Ռոյալ Արմենիա» ընկերությունում համասեփականատեր չէ, այլ վարձու աշխատող: Այս հանգամանքի վրա, ըստ նրա, մինչ օրս ուշադրություն չի դարձվել և իրեն վերաբերել են ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանի հետ հավասարի նման:
Ընկերության փոխտնօրենը ցուցմունքներում մասնավորապես ասաց, որ ինքը որևէ փաստաթուղթ չի կեղծել, ոչ էլ «ակնհայտ կեղծ» որևէ փաստաթուղթ է օգտագործել, իր ներկայությամբ էլ որևէ կեղծիք չի կատարվել: «Կա արդյո՞ք կնիք պատրաստող մի կազմակերպություն, որի աշխատակիցները հաստատեն, որ Արամ Ղազարյանն իրենց մոտ պատվիրել և ստացել է ինչ որ կնիքներ, իհարկե չկա»: Ավելին, Արամ Ղազարյանն ասաց, որ իրեն մեղսագրված արարքներից ոչ մեկը, ո'չ նախաքննությամբ, ո'չ էլ դատաքննությամբ չի ապացուցվել, այլ մեղադրանքը կառուցվել է ՖԻԳ ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի տված իրարամերժ ցուցմունքների վրա:
Արամ Ղազարյանի ցուցմունքներից հետո նրան հարցեր պետք է տային մեղադրող և տուժող ճանաչված կողմերի ներկայացուցիչները, սակայն վերջինները հարցեր պատրաստելու համար ժամանակ խնդրեցին դատարանից:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ մաքսանենգության, մաքսային և հարկային պարտավորությունները չկատարելու համար մեղադրվող Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին այս տարվա հուլիսի 16-ին Կենտրոն և Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն արդարացրեց` ազատ արձակելով դատարանի դահլիճից: