ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է
Սեդրակ Զատիկյանի գործով դատավարությունն, այսուհետ, ընթանալու է դռնփակ, այսպես այսօր որոշեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ:
Նիստը նախագահող դատավորի օգնական Կարեն Մառդանյանը Panorama.am-ին հայտնեց, որ դա եղել է ամբաստանյալների միջնորդությամբ և որակվել է որպես պաշտպանության միջոց: Մեր այն հարցին, թե հանրային հետաքրքրություն պարունակող այս նիստից, որևէ կերպ հնարավոր չի լինի տեղեկություններ ունենալ, պատասխանեց, որ դռնբաց դատական նիստում կհրապարակվի միայն դատավճիռը:
Ինչևէ, մեղադրող կողմից մեզ հաջողվեց պարզել, որ դատական նիստը հետաձգվել է` պաշտպան Ռուբեն Ռշտունու գործում ներգրավելու կապակցությամբ: վերջինը դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավված Ա.Առուշանյանը, Ա. Հովհաննիսյանը և Լ.Ղևոնդյանը: Իսկ գործով մեղադրյալներ Ն.Խաչատրյանի և Ս.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրանց վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ: