ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ
Ժողովրդագրական համակարգված քաղաքականություն իրականացնելու նպատակով այս տարվա փետրվարից միջգերատեսչական փորձագիտական խումբը նաև կատարում է իրավական ակտերի փորձաքննություն:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի բաժնի վարիչ, փորձագիտական խմբի անդամ Վարդան Մարուքյանը, փորձաքննությունը նպատակ ունի գնահատական տալու մեր երկրի ժողովրդագրական ցուցանիշների վրա գործող իրավական ակտերի հնարավոր ազդեցությանը: Այս պահի դրությամբ խումբն արդեն փորձաքննել է ավելի քան 50 օրենք, իսկ ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Օրինակ, նպաստառուների համակարգի մեթոդոլոգիայում կան այնպիսի մոտեցումներ, որոնք դեմոգրաֆիական ցուցանիշների վրա բացասական ազդեցություն են թողել»,-ասաց նա: Փորձագետի խոսքով, «բազային նպաստ» հասկացությունը բերում է բազմանդամ ընտանիքների տրոհմանը, քանի որ նույն չափով գումարն է հատկացվում և' մեկ շնչից բաղկացած ընտանիքին, և' 7 կամ 10 անդամ ունեցող ընտանիքին: «Դրանով չի խրարխուսվում ընտանիքների բազմանդամ լինելը»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, փորձաքննության արդյունքում մշակվում են նաև այդ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Վ. Մարուքայնի կարծիքով, կառավարության կազմում պետք է գործի մասնագետների խումբ, որը մինչև ԱԺ ներկայացնելը օրինագծերին կտա փորձագիտական եզրակացություն, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի ժողովրդագրական ցուցանիշների վրա:
Նշենք, որ ժողովրդագրական պետական հայցակարգի մշակման հիմնական աշխատանքները, որոնք սկսվել էին 2006-ից, կատարված են: Այն կառավարությանը կներկայացվի հաջորդ տարի: