«ԻՆՏԵՐՊՈԼՆ ԱՄԵՆԱԶՈՐ, ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՈՒ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ՉԷ»
«Ինտերպոլն ամենազոր, առեղծվածային ու արկածախնդիր չէ:Մեր հիմնական աշխատանքը ծանր, քրտնաջան, ավելի շատ անալիտիկ բնույթի է, բայց դրանց արդյունքում, այնուամենայնիվ, ծնվում են բացահայտումներ, սենսացիաներ և առասպելներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:
Նա ներկայացրեց 2006- 2007 թթ 1-ին կիսամյակի վիճակագրությունը: Համաձայն դրանց Ինտերպոլի անդամ երկրներում 2006 թ. ընթացքում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 118, իսկ 2007-ին 71 անձանց գտնվելու վայրը, որոնցից 2006-ին ձերբակալել են 80-ը և 2007-ին` 53-ը: 2007թվականին 13-ը ենթարկվել են էքստրադիացիայի:
Ըստ Վ. Եղիազարյանի, 2006թ. Ինտերպոլի անդամ երկրներից ստացված հարցումներով իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջողվել է Հայաստանում հայտնաբերել 27 հանցագործների, որոնցից 8-ը ձերբակալվել են, 2-ը ենթարկվել էքստրադիցիայի, իսկ 2007թ. հայտնաբերվել են 16, ձերբակալվել` 5, ենթարկվել էքստրադիցիայի 2 հետախուզվողներ: Բացի այդ, 2006 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող 1 անհայտ կորած անձ, պարզվել 2 չճանաչված դիակների ինքնությունը:
Ոստիկանության գնդապետի հավաստմամբ, առանձնահատուկ ուշադրության է դարձվել առավել ծանր հանցագործություն կատարած և քննությունից կամ պատժի կրումից խուսափող, ինչպես նաև հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով անցնող անձանց միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ գործընթացներին (կարմիր քարտերի և դիֆուժնների տեսքով): 2006 թ. ընթացքում միջազգային հետախուզում է հայտարարվել 46 անձանց նկատմամբ, 2007-ին` 4-ի:
2007թ. 1-ին կիսամյակի դրությամբ միջազգային հետախուզական աշխատանքներ են իրականացվում 281 անձանց նկատմամբ, որոնցից կազմակերպության հետախուզվողների ինտերնետային բաց վեբ Էջում զետեղված են առավել նշանակալի գործերով անցնող 11 հետախուզվողների տվյալները:
Միջազգային մակարդակով հետախուզվում են 33 անհայտ կորած անձ, որոնցից հայտնաբերվել են 5-ը: Նույնացման նկատառումներով ներկայացվել են 19 չճանաչված դիակների (սև քարտ) տվյալներ: Պարզվել Է 1 չճանաչված դիակի ինքնությունը: