ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ
Աշխարհում լավագույնի կոչման համար պայքարում օլիմպիական չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 12-րդ խաղարկային փուլում պարտվել է Բորիս Գելֆանդին: Հայ շախմատիստը 5.5 միավորով այժմ գրավում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունեն իրենց հաշվում Լեկոն և Մորոզեվիչը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, առաջնությունը արդեն 8 միավորով շարունակում է գլխավորել հնդկաստանցի Վիշվանաթ Անանդը, նրան 7 միավորով հաջորդում է Բորիս Գելֆանդը, իսկ լավագույն եռյակը 6.5 միավորով եզրափակում է Վլադիրմիր Կրամնիկը: Լ. Արոնյանին 5 միավորով համապատասխանաբար հաջորդում են Սվիդլերը և Գրիշչուկը:
Նշենք, որ Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության 12-րդ փուլում ոչ ոքի է գրանցվել միայն Սվիդլեր-Անանդ խաղում: Մինչև առաջնության ավարտը մնացել է մեկ փուլ և հնարավոր մեկ բլից խաղ, իսկ հայ շախմատիստը առաջնության առաջատարից ետ է 2.5 միավորով, ինչը նշանակում է, որ նա այլևս չեմպիոն դառնալու հնարավորություն չունի: Հայ գրոսմայստերը 13-րդ փուլում իր ուժերը կփորձի Սվիդլերի հետ:
Հիշեցնենք, որ առաջնությունը կավարտվի վաղը, իսկ սեպտեմբերի 30-ին անհրաժեշտության դեպքում կանցկացվի բլից խաղ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1.3 մլն դոլար: