ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նախկին վարչապետ Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատականներին կառավարության ծրագրի և իրականացվող տնտեսական քաղաքականության մասին` վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մասնագիտությամբ տնտեսագետ չեմ և չեմ էլ պատրաստվում Հրանտ Բագրատյանի հետ տնտեսագիտական հարցերով բանավեճի մեջ մտնել: Ես նրա գրածներին նայում եմ կառավարության ղեկավարի տեսանկյունից և ինձ համար 2 դիտարկում եմ արել: Առաջին, կառավարության ծրագիրը լավ ծրագիր է, բայց՝ ա. կարող էր լինել ավելի լավը, բ. իսկ դուք կարողանալո՞ւ եք այդ ծրագիրն իրականացնել: Բ.-ի պատասխանը՝ այո՛, կարողանալու ենք իրականացնել: Մենք ունենք բավարար քաղաքական կամք, լավ տնտեսագետների թիմ, լավ կազմակերպիչներ և մենք մեր ծրագիրն իրականացնելու ենք: Ա.-ի պատասխանը` իհարկե, կարող էր ծրագիրն ավելի լավը լինել, բայց ինչպես մեր մեծերն են ասում` լավագույնը լավի թշնամին է: Երկրորդ դիտարկումն այս է՝ պրն Բագրատյանն ասում է, թե «այն թվերը, որոնց դուք հղում եք կատարում, և որոնք այնտեղ գրված են, հավաստի չեն»: Ես կարծում եմ, դա գիտական մոտեցում չէ, շատ պարզ պատճառով: Գիտնականը թվերին չի հղում անում: Գիտնականը հղում է անում գործընթացներին` նոր գալիս թվերին: Ինչ վերաբերում է մեր թվերին՝ բոլորին հայտնի է, որ Հայաստանի վիճակագրական ծառայությունն օգտվում է նույն մեթոդոլոգիայից, ինչ Եվրամիության բոլոր երկրներում: Եվ հայտնի է, որ կան միջազգային կազմակերպությունների գնահատականներ մեր վիճակագրական ծառայության վարկանիշի մասին: Այն համարվում է լավագույններից մեկը Եվրոպայում: Դա ես չեմ ասել՝ սա Համաշխարհային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների գնահատականն է»:
Նկատենք, որ օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը թերթերից մեկում հանդես էր եկել առանձին հրապարակմամբ, որտեղ իր տեսակետներն ու գնահատականներն էր ներկայացրել ներկայիս կառավարության ծրագրի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա