«Panorama.am» թերթ. «Նույն և տարբեր սեպտեմբերի 21-եր»
«Քաղաքակիրթ աշխարհում` պետությունների հիմնադրման կամ անկախության տոներն ամենանշանակալիցն են համարվում, և հասարակություններին համախմբելու առաքելություն ունեն: Այդ հիշարժան օրերը նաև հրաշալի առիթ են, քաղաքական հարթակ, որն օգտագործելով պետական և քաղաքական պատասխանատուները խոսում են երկրի զարգացման հեռանկարների, տեսանելի և անտեսանելի մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմների մասին: Սեպտեմբերի 21ն այդպիսի խորհուրդ ուներ 90-ականների սկզբին` մինչև ժողովրդավարության հետընթացը, ինչը դարձավ այն սահմանագիծը, որից անդին հանրությունում արժեզրկվեցին թե անկախությունը, թե իրական հասարակական համաձայնությունը: Ռացիոնալիզմն իր տեղը զիջեց իռացիոնալիզմին, փիլիսոփայության, արժեքային համակարգի վրա խարսխված քաղաքականությունը նահանջեց կոնյունկտուրայի առջև, ի վերջո Հայաստանը` քաղաքական, հասարակական, սոցիալական առումներով, կորցրեց իր միասնականությունը: Սեպտեմբերի 21-ին այնպես ստացվեց, որ խոսեցին քաղաքական կյանքի բոլոր առանցքային դերակատարները. հեռացող նախագահը ամփոփեց իր կառավարման շրջանը, հավակնություններ ունեցող վարչապետը փորձեց նոր իմիջով ներկայանալ հասարակությանը, Առաջին նախագահը խախտեց գրեթե տասնամյա քաղաքական լռությունը: Բոլոր երեք ելույթներում էլ հնչեցին իրավիճակային գնահատականներ, սակայն արտասանված ճառերում ստորադասված էր զարգացման բաղադրիչը: Անկեղծ ասած` սրա արմատները պետք է փնտրել մեր քաղաքական համակարգի ընդերքում: Այս առումով մենք անհուսալիորեն հեռու ենք քաղաքակիրթ աշխարհից, նույնիսկ` Ուկրաինայից, որտեղ, թեև առկա համապարփակ ճգնաժամին, քաղաքական միտքը սկսել է արժեք դառնալ, արտադրանք, որը կողմնորոշում է հասարակությանը` վերջինի
ընտրությունը պայմանավորելով արժեքային դաշտում:
Հակադրություն, թե՞ մրցակցություն
Կրկին հիշեցնում ենք այս հարցադրումը, որովհետև, մեր պատկերացմամբ, Հայաստանի քաղաքական համակարգը զրկվել է ստեղծագործական ներուժից, ապրում է իներցիայի օրենքներով: Բոլորը խոսում են հակադրության մոդելի վախճանի մասին, սակայն համառորեն չեն կարողանում հաղթահարել նույն այդ մոդելի հարուցած սխեման: Այս առումով հասարակությունը մեկ քայլ առաջ է քաղաքական համակարգից, տնտեսական հարաբերությունները` նույնպես: Եվ սա մեծ պրոբլեմ է երկրի համար, որովհետև ստացվում է` քաղաքական համակարգը խոչընդոտում է երկրի զարգացումը: Երբ խոսում են Առաջին նախագահի առաջադրման հնարավորության մասին, դա ինձ ոգևորում է առավելապես այն պատճառով, որ մրցակցային քաղաքական դաշտի ձևավորման հեռանկար է ուրվագծվում` անկախ ընտրությունների արդյունքից: Որտեղ մրցակցություն, այնտեղ` զարգացում. սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք չունի: Այս առումով սեպտեմբերի 21-ը, դրան հաջորդող մի քանի օրերը ինձ փոքր-ինչ հիասթափեցրին. առաջին նախագահի ելույթը, դրան հաջորդած երկրորդ նախագահի արձագանքը մրցակցության միջավայր չծնեցին. կարմիր թելի պես թևածում է հակադրության ոգին, ապագայի ծրագրերը ստորադասվում են 98-ով պայմանավորված, ծնված հակասություններին: Ներկաները չեն ընդունում նախկինների քաղաքական լեգիտիմությունը, վերջինները` ներկաների, արդյունքում Երրորդ Հանրապետությունը զրկվում է քաղաքական ընդհանրական պատմություն ունենալու հնարավորությունից, ապագա իշխանությունը` քաղաքական լեգիտիմության հեռանկարից: Այսպես շարունակելու դեպքում` առաջիկա տարիներին մենք կունենանք Անկախության մի քանի միջոցառում` իրենց ընտրյալներով, հասարակությունն էլ դիտորդի կարգավիճակով կհետևի անկախության գաղափարի մասնատման հատվածայնացմանը: Այն, ինչ Ֆրանսիան հաղթահարեց ավելի քան երկու հարյուրամյակ առաջ, մենք չենք կարողանում հաղթահարել այսօր: Պատճառը` մեր քաղաքական համակարգն է, նրա որակը: Մեզանում` հաստատ միտքը իրականություն չի ծնում:
Վերարտադրությու՞ն, ռևա՞նշ, թե՞ նոր համակարգ
Եվ այսպես` հասարակությունը երկփեղկված է: Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին են տեսնում ապագա նախագահի կարգավիճակում` հիմնականում status quo-ի ջատագովներ են, կամ որ նույնն է` գործող համակարգի վերարտադրության կողմնակիցներ: Նրանք, ովքեր Հանրապետության բարձրագույն պաշտոնում տեսնում են Լևոն Տեր-Պետրոսյանին` Հանրապետության ավարտը համարում են 1998-ը և հիմնականում խոսում են վերադարձի, Առաջին նախագահի կիսատ մնացած առաքելության մասին: Իրականում` համակարգի վերարտադրությունը կամ վերադարձը զրոյական կետ` կնշանակի մեր երկրի զարգացման հեռանկարի ձախողում: Իրականության մեջ մեզ պետք են ամբիցիաներ, զարգացում, ինչն իր հերթին, նշանակում է` նոր գաղափարներ, նոր թիմ, նոր համակարգ: Ս. Սարգսյանը կամ Լ. Տեր-Պետրոսյանը կարող են հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, բայց ոչ թե կիսատ թողած գործ կամ ինչ-որ անհասկանալի բան շարունակելու առաքելությամբ, այլ` կրեատիվ ֆունկցիայով: Հանրապետության Երրորդ նախագահի անունը պետք է ասոցացվի նորի, զարգացման հետ` վերադարձն ու վերարտադրությունը դուրս թողնելով մեր քաղաքական բառապաշարից, իսկ ավելի կարևոր է` մեր մտածողությունից:
Նոր իրողությունները և ԼՂ-ի խնդիրը
Քաղաքական կյանքի բոլոր կարևոր դերակատարները մեր պետության առջև ծառացած գլխավոր խնդիրը համարում են ԼՂ-ի հիմնահարցը: Դա բնական է երկրի զարգացման հրամայականի համատեքստում: Անբնական է այն, որ հնչեցված ելույթներում խաղաղության գաղափարը ստորադասվում է կարգավորման գործնթացի հանգրվանային գնահատականներով: Ասել կուզի` «զիջում-փոխզիջում» հարթությունն այլևս անցած էտապ է, «փուլային-փաթեթայինը»` նույնպես: Ես քաղաքականության գլխավոր սուբյեկտներից ակնկալում եմ ստանալ երկրի զարգացման, այդ համատեքստում` ԼՂ- ի հակամարտության հարուցած հետևանքների հաղթահարման դեղատոմսեր: «Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը ԼՂՀ-ի կայացմանը» (Ռ. Քոչարյան), «Ժամանակավրեպ է ԼՂՀ-ի ճանաչումը» (Ս. Սարգսյան), «Եթե հետևենք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնենք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետև նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու» (Լ. ՏերՊետրոսյան). ինչպես տեսաք` իրավիճակային գնահատականի մի քանի օրինակներ, որոնք, ի դեպ, կարող են բերել քաղաքական անցուդարձին հետևող մեր քաղաքացիները նույնպես: Միևնույն ժամանակ`ասված, հազար անգամ լսված մտքեր, որոնք գուցե հրատապ էին 1993, 1994, 1998-ին, բայց ոչ` այսօր: Այսօր քաղաքացին խաղաղության, հետևաբար երկրի զարգացման հասարակական, քաղաքական պատվերը ձևակերպող անհատի, թիմերի կարիքն ունի: Մի բան, որ բացակայում է սեպտեմբերքսանմեկյան ելույթներում` մտահոգություն պատճառելով, որ երկրի ամենաառանցքային հարցը դարձյալ շրջանցված է մնալու ընտրական գործընթացի օրակարգում:
Համակարգի խնդիրը
Գործող համակարգի ծնունդն ավելի խորքային արմատներ ունի և բացարձակապես չի տեղավորվում «նախկիններներկաներ» ժամանակագրության տիրույթում: Այս համակարգի կայացման գործում «նախկիններն», անշուշտ, ունեն իրենց պատասխանատվության բաժինը, «ներկաները»` նույնպես, որովհետև` ինչքան ես եմ հասկանում, 1998-ին նոր համակարգ չի ձևավորվել, այլ` ընդամենը ֆորմալիզացվել են այն իրողությունները, որոնք դրսևորվել են 1995-96թթ-ից հետո: Վերջերս համակարգի մասին խոսակցություններում հատկապես ակտիվ շրջանառվում է խոշոր բիզնեսի կամ օլիգարխների խնդիրը: Բացարձակապես անիրական են իշխանությունների այն պնդումները, թե մեզանում առկա են ազատ շուկայական մեխանիզմներ, հետևաբար` բիզնեսն անկախ է իշխանություններից: Մեզանում գործում է կառավարման ավտորիտար մշակույթ, ազատ շուկայի մասին խոսք լինել չի կարող, առավելագույնը կարող ենք փաստել, այսպես կոչված, պետական կապիտալիզմի մասին: Սխալ է, սակայն, նաև այն պնդումը, թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն այս համակարգի զոհերն են: Այն պարզ պատճառով, որ համակարգի կարևոր օղակներից մեկը չի կարող լինել նույն այդ համակարգի զոհը: Այս համատեքստում առաջանում է կարևոր մի հարց` արդյո՞ք Հայաստանի խոշոր բիզնես էլիտան դրական դեր կարող է ունենալ նոր համակարգի ձևավորման գործում: Մակերեսային պատասխանը կլինի` ոչ. թվում է` մարդիկ ապրում են բարեկեցիկ կյանքով, ունեն ամեն ինչ, իշխանության հետ հարաբերվելու մեխանիզմներ, ուրեմն` պիտի շահագրգիռ լինեն վիճակի պահպանմամբ: Պարզունակ մոտեցում է, որովհետև երկրի զարգացման անորոշությունը առաջին հերթին հարվածում է հենց բիզնեսի ներկայացուցիչներին. ի վերջո` նրանք ստեղծել են ինստիտուցիոնալ ինչ-որ կառույցներ, կապիտալ և հասարակական հենց այն խավն են, որ առաջինն է տուժելու զարգացման հեռանկարի բացակայության կամ խոշոր ցնցումների դեպքում: Հետևությունն այն է, որ գործարարները նոր համակարգի ստեղծման կարևոր սուբյեկտներն են: Իհարկե, կարևոր խնդիր է բիզնեսի կողմից սոցիալական պատասխանատվության գիտակցումը, նրա ինտեգրումը հասարակական հարաբերություններում, պետության կողմից արդյունավետ քաղաքականության իրականացումը, հակամենաշնորհային, հակակոռուպցիոն ծրագրերի արդյունավետությունը, սեփականության իրավունքի հարգումը: Օլիգարխների հետ վարվելու ռուսական փորձի ընդօրինակումը մեզանում խիստ վտանգավոր կլինի, որովհետև գործող համակարգը կդառնա շատ ավելի անվերահսկելի` քաղաքակրթվելու որևէ ռեսուրսից զուրկ, տնտեսության կառավարման վարչական մեթոդի ռեստավրացիան կհանգեցնի կատարյալ ֆիասկոյի:
Վերջաբանի փոխարեն
Այս հոդվածում նպատակային արծարծվեցին մի քանի թեմաներ, որոնք, անշուշտ, կարիք ունեն քաղաքական և հանրային քննարկումների: Նոր որակ ստանալու համար անհրաժեշտ է բարձրացնել քաղաքական հարաբերությունների, պայքարի որակը: Նշված խնդիրների համատեքստում էլ առաջիկայում փորձելու ենք ուսումնասիրել քաղաքական սուբյեկտների վարքագիծը, նրանց գործողությունների ադեկվատությունը: Ի վերջո, առաջիկա ընտրությունների քվեարկությունների արդյունքները կարող են ուրախացնել կամ տխրեցնել հասարակության այս կամ այն հատվածին, կարևորն այն է, որ ընտրական գործընթացի որակը բավարարի բոլորիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա