ԲՀԿ. «ԼՂՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑ ԴՆԵԼԸ ԿԸՆԿԱԼՎԻ ՕԿՈՒՊԱՑԻԱ ԵՎ ԱԳՐԵՍԻԱ»
Այսօր լրագրողները ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Արամ Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերում Մոսկվայում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի արտահայտած այն տեսակետին, ըստ որի Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջինիս կողմից Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց:
«Շատ նորմալ եմ վերաբերում և սա միջազգային իրավունքի ասպարեզում միակ ընդունելի փոխզիջումն է, որը մենք կարող ենք անել Ադրբեջանին»,- ասաց Ա. Սաֆարյանը, հավելելով, որ Հայաստանը և Ադրբեջանը վաղուց անուղղակիորեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քանի որ երկու պետություններն էլ գտնվում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք ճանաչում են միայն միջազգային ճանաչված իրավական սուբյեկտներին: «Իսկ ուղղակի ճանաչումը կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը բանակցություններ սկսի իր նախկին, այժմ անկախացած տարածքի` ԼՂՀ-ի հետ, վերջինիս պահանջները բավարարելու ուղղությամբ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը, ընդգծելով, որ դա կարող է լինել փոխադարձաբար ընդունելի քայլ, երբ «Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, մենք էլ համարյա միաժամանակ ճանաչենք Ադրբեջանի անկախությունը»:
Ըստ Ա. Սաֆարյանի, ԲՀԿ դիրքորոշումն այն է, որ «ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի և դա այլընտրանք չունի»: Իսկ Հայաստանի հետ միավորումը նո՞ւյնպես այլընտրանք լինել չի կարող, հարցին էլ պատասխանեց. «Դա միջազգային ասպարեզում այս պահին քննարկման հարց չի կարող լինել: Դա մեր տեսլականն է, բայց միջազգային ասպարեզում այդպիսի հարց դնելը, դա օկուպացիա է, ագրեսիա է և բռնի ուժով միավորում է, որին միջազգային հանրությունը երբեք չի գնալու: Իզուր եկեք մեր երկրի պետականության և միջազգային հեղինակության հիմքերը չխարխլենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան