ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 9 ԴԵՊՔ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է
ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը բացահայտել և ընթացք է տվել 59 քրեական գործի, որոնցից 42 քրեական գործ՝ 110 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 3 քրեական գործ 4 անձի նկատմամբ կասեցվել է, նախաքննության փուլում է 37 անձի վերաբերյալ 14 քրեական գործ, իսկ 8 մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ, հայտնում են գլխավոր դատախազությունից: Մեկ քրեական գործ, ըստ նրանց, ՀՀ ԱԳ նախարարության միջոցով հետագա նախաքննությունը կատարելու համար ուղարկվել է ԻԻՀ։
Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 9 դեպք, որոնցով մաքսանենգություն կատարած անձանցից 4-ը հանդիսացել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։
Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է շուրջ 10 կգ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք, առգրավվել է առանձնապես խոշոր չափի (մոտ 4կգ) «Ափիոն», «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, առանձնապես խոշոր չափի «Բուպրենորֆին» թմրամիջոց պարունակող «Սուբուտեքս» տեսակի դեղահատեր, առանձնապես խոշոր չափի «Տրամադոլ» տեսակի, խոշոր չափի «Մետադոն» հոգեներգործուն նյութ, «Հերոին» տեսակի թմրամիջոց և թմրամիջոցներ պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ։
Հիշեցնենք, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազի 2007թ. փետրվարի 20-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում: