ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՑ
Ատոմակայանի պլանային նորոգման աշխատանքները կավարտվեն դրանք սկսելուց 45 օր անց: Մեծամորի ԱԷԿ-ը կսկսի գործել նոյեմբերի 24-ից: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց էներգետիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Հարությունյանը: «Պլանային նորոգման և թարմ վառելիքով վերաբեռնավորման աշխատանքներն անցկացվում են ամեն տարի: Այժմ աշխատանքներն ընթացիկ փուլում են»,-ասաց Լ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ, պլանային նորոգման աշխատանքներից հետո ատոմակայանը կաշխատի 375 մգվտ հզորությամբ: Նշենք, որ յուրաքանչյուր էներգաբլոկի նախագծային հզորությունը 407,5ՄՎտ է:
Լ. Հարությունյանի խոսքով, ԱԷԿ-ի պլանային նորոգման աշխատանքները իրականացվում են ատոմակայանի աշխատանքից ստացված եկամուտների հաշվին: Այս տարի պլանային նորոգման աշխատանքները սկսվել են նախատեսվածից մեկ օր շուտ` հոկտեմբերի 11-ին` ԱԷԿ-ի էներգահամակարգին կապող 220 կիլովոլտ լարման էլեկտրական գծի կարճ միացումից առաջացած տատանումների պատճառով:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի վերագործարկումից հետո (2003թ) հունվարի 1-ի դրությամբ էներգաբլոկն արտադրել է 14 մլրդ 17 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա` պահպանելով Հայկական էներգահամակարգի բեռնվածքների գրաֆիկը: Մինչ այդ ՀԱԷԿ-ը արտադրել էր 44 մլրդ 231մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
1976թ. դեկտեմբերի 21-ին Պետական ընդունող հանձնաժողովը թույլ տվեց կատարել ՀԱԷԿ-ի N 1 ռեակտորի ֆիզիկական գործարկումը: 1980թ. հունվարի 5-ին գործարկվեց երկրորդ էներգաբլոկը: