ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻՑ
Եվրոպական Խորհրդի Մարդու Իրավունքների ոլորտի բոլոր պատասխանատուները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ մասնավորապես, դժգոհություն են հայտնել Եվրոպական կառույցների կողմից բարեփոխումների և խորհրդատվական բնույթի փորձագիտական առաջարկությունների կատարման ընթացքին իրենց տեղյակ չպահելու հանգամանքից: Խոսքը առաջին հերթին վերաբերել է այլընտրանքային ծառայության, հեռուստատեսության և ռադիոյի և Օմբուդսմանի մասին օրենքներին:
Վերջիններն արձանագրել են, որ դատական համակարգի վերջին բարեփոխումները անհրաժեշտ ազդեցություն չունեցան իրական անկախ դատական համակարգ ստեղծելու գործում և այս ոլորտում իրենց կողմից կատարված գործողությունները` կապված դատավորների վերապատրաստման և օրենսդրական բարեփոխումների հետ անհրաժեշտ արդյունք դեռևս չեն տվել: Ըստ նրանց, մեր երկրի դատական համակարգը, որպես իշխանության առանձին ճյուղ պետք է ունենա իրական անկախություն:
Անդրադառնալով ԶԼՄ-ների անկախությանը նրանք կրկին առաջ են քաշել հանրային հեռուստառադիոյի խորհրդի կազմավորման կարգը փոփոխելու անհրաժեշտության հարցը: Մասնավորապես առաջարկել են հետևյալ մեխանիզմը: Ազգային Ժողովը և Հանրապետության Նախագահը պետք է հանձնաժողովի անդամներին նշանակեն ՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից ներկայացված թեկնածուների կազմից: Քանի որ առաջադեմ եվրոպական երկրներում` թե օրենսդրորեն, թե փաստացի, հիմնական անկախ այլընտրանքային հեռուստակայանը հանդիսանում է Հանրայինը, ապա պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները տվյալ ոլորտը կարգավորելու համար:
Դժգոհություններից մեկն էլ այն է եղել, որ ոլորտի հայաստանյան պատասխանատուները Եվրախորհրդին չեն տեղեկացրել այլընտրանքային քաղաքացիական ծառայության վերաբերյալ նրանց կողմից ներկայացված առաջարկությունների մասին:
Մեկ անգամ ևս իրենց մտահոգությունն են հայտնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերի շուրջ:
Մարդու Իրավունքների ոլորտի բոլոր պատասխանատուները փաստել են, որ Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվել օրենսդրական ոլորտը բարեփոխելու ուղղությամբ և այս առումով բավականին մեծ հաջողություններ կան: Սակայն հասարակական պրակտիկայի և օրենքների կիրառման առումով, ըստ Եվրոպական գործընկերների դիտարկումների լուրջ բացթողումներ կան, ինչի վկայությունն է նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան հասցեագրված դիմումների քանակի աճը: