«ՇԻՐԱԿ»-Ը ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Գյումրու վերանորոգված «Շիրակ» օդանավակայանը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվի նոյեմբերի 19-ին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա հավաստմամբ, օդակայանից չվերթներ կլինեն ԱՊՀ երկրների ուղղությամբ:
««Շիրակից» կանոնավոր չվերթներ կլինեն դեպի Ռոստով, Մոսկվա, Մինվոդի, Կրասնոդար»,-նշեց Գ. Դավթյանը: Բացի այդ, ձմռանը` եղանակային ոչ բարենպաստ պայմանների դեպքում «Շիրակ»-ը կօգտագործվի որպես այլընտրանքային տարբերակ: Շահագործման հանձնելու օրը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) մեր օդանավակայանին կշնորհի առաջին կարգ:
Հիշեցնենք, որ օդանավակայանը վերանորոգման նպատակով փակվել էր այս ամսվա հունիսից: Այն կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» արգենտինական ընկերությանը, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Գործարքը կնքելիս հաշվի է առնվել «Զվարթնոց»-ի կոնցեսիոն կառավարման փորձը: Շինարարական աշխատանքների իրականացման համար ընկերությունն արդեն ներդրել է մոտ 10 մլն դոլար: Հաջորդ տարում նախատեսվում է ներդրումներ կատարել ուղևորների համար նախատեսված տերմինալի վերանորոգման նպատակով:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջև կնքված պայմանագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան