ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԱԼՈՒ Է
Արամ Կարապետյանը, բնականաբար, պատրաստվում է վճարել գրազի գումարը:
Հիշեցնենք, որ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ու «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեռ 2004 թվականի սկզբին գրազ էին եկել` նախագահական արտահերթ ընտրությունների շուրջ: Արամ Աբրահամյանը գրազի առաջարկ էր արել նրանց, ովքեր պնդում են, թե նախագահական ընտրությունները լինելու են մինչ ժամկետի ավարտը և խոստացել 1000 դոլար: Գրազի առաջարկն ընդունել էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը` համոզմունք հայտնելով, թե նախագահական ընտրությունները արտահերթ են լինելու:
Panoarama.am-ին ՆԺԿ մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանն այսօր ասաց, որ «Արամ Կարապետյանն արդեն պայմանավորվել է Արամ Աբրահամյանի հետ գումարը վճարելու ժամկետների շուրջ»: Կուսակցության ղեկավարը գումարը վճարելու է բացառապես իր սեփական միջոցներից, քանի որ, ինչպես մամուլի քարտուղարը` պատասխանելով մեր հարցին, ասաց «ինքը ֆինանսապես ապահովված մարդ է»:
Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ Արամ Կարապետյանը պատրաստվում է մոտ օրերս գրազի հետ կապված հանդես գալ իր մեկնաբանությամբ:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, մեզ հետ զրույցում հաստատեց պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը` նշելով, որ կոնկրետ օր դեռ չեն որոշել: Նրա խոսքով, Արամ Կարպետյանն ասել է. «այս երկու օրը»: