ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԻ ԵՐԵՎԱՆ
Սոչիի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել այնտեղ, ուստի Երևան Սոչի չվերթի 2006-ի մայիսի 3-ին աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի ուղևորների` օրերս հայտնաբերված դիակները և մարմնի մասերը այսօր չեն տեղափոխվի Երևան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով, մինչ այդ եղած պայմանավորվածության համաձայն, Սև ծովից հայտնաբերված մարմինները այսօր կեսօրին փակ ցինկե դագաղներով պետք է բերվեին Երևան և հանձնվեին հարազատներին:
Աղբյուրի հավաստմամբ, ջրից հայտնաբերվել են վթարված ինքնաթիռի երեք ուղևորների դիակներ և ինը ուղևորների մարմնի մասեր: Փորձաքննությամբ հաստատվել է զոհվածների ինքնությունը: Գտնվածներից հինգը Երևանից են, մյուսները` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու մարզերից: Նրանց հարազատներին այդ մասին տեղյակ է պահել երկրի դատախազությունը:
Կառավարության կողմից արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել ծառայություններին` զոհված ուղևորների դիակները և մարմնի մասնիկները հարազատներին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Երևան Սոչի չվերթի A-320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2006-ի մայիսի 3-ին: Աղետի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում եղած բոլոր 113 մարդիկ, որից 8-ը անձնակազմի անդամներ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան