ՔՈԼԵՋՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այս տարի նախատեսվում է վերաբացել նաև Հրազդանի պետական քոլեջը: Այժմ վերանորոգվում են քոլեջի սանհանգույցները, որից հետո այն կկահավորվի և կտրամադրվեն լաբորատոր սարքավորումներ: Այսօր Երևանի արդյունաբերական քոլեջի վերաբացման ժամանակ նման տվյալներ հրապարակեց ՄԱԿ-ի «Օժանադակում նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխումներին» ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը:
Նշենք, որ քոլեջների վերանորոգումն իրականացվում է հիշյալ ծրագրի շրջանակում: Ն. Կարմիրշալյանի հաղորդմամբ, այժմ Գյումրու տեխնիկական քոլեջում փոխվում են պատուհանները, իսկ Գյումրու պետական քոլեջում վերանորոգվում է տանիքը: Այս երկու քոլեջների համար էլ կառուցվում է կաթսայատուն: Ծրագրեր են իրականացվում նաև Նոր Գեղիի քոլեջում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2008 թ. պետական բյուջեից նախատեսված է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերանորոգման համար հատկացնել 2 մլրդ դրամ:
Ի դեպ, քոլեջների համար մշակվել և ԿԳՆ կողմից հաստատվել է Կարողությունների վրա հիմնված որակավորման չափորոշիչների չափաձև, այսինքն հանրապետության բոլոր քոլեջները յուրաքանչյուր մասնագիտության դեպքում պետք է առաջնորդվեն միևնույն կրթական ծրագրով: