Panorama.am ԹԵՐԹ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է »
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF անկախ միջազգային կազմակերպությունը ստեղծված է համաշխարհային տնտեսության բարելավման նպատակով, ֆորումը հիմնված է 1971 թ., գրասենյակը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա) համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացրել 2007-2008 թթ. գլոբալ մրցունակության զեկույցը:
Ֆորումի հիմնադիրն ու գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը նշել է, որ այս փաստաթուղթը կարևոր միջոց է, որի օգնությամբ քաղաքական գործիչներն ու լիդերները կարող են կատարելագործել տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ բարելավումները:
Զեկույցը պարունակում է երկու ինդեքս, որոնց հիման վրա կազմվում են երկրների վարկանիշները` գլոբալ մրցունակության ինդեքսը (Global Competitiveness Index, GCI) և բիզնեսի մրցունակության ինդեքսը (Business Competitiveness Index, BCI): Մեր երկիրը երկու ինդեքսներով էլ հետնապահ է` 131 երկրի շարքում զբաղեցնելով 93 և 108 տեղերը համապատասխանաբար:
Գլոբալ մրցունակության ինդեքս
Համաշխարհային տնտեսական ֆորումը շարունակում է ընդլայնել տարեկան զեկույցում ներգրավված երկրների շրջանը: Այս տարի գլոբալ մրցունակության վարկանիշում դիտարկվել են նաև Օմանը, Սաուդիան Արաբիան, Սիրիան, Ուզբեկստանը, Պուէրտո-Ռիկոն, և Սերբիան ու Չերնոգորիան առանձին վերցրած: Այսպիսով, այս տարվա հաշվետվութունում ընդգրկված է 131 երկիր, մինչդեռ նախորդ տարի` 125:
Գլոբալ մրցունակությունը գնահատվում է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են ինստիտուտների որակը, ինֆրաստրուկտուրան, մակրոտնտեսական կայունությունը, առողջապահական և կրթական համակարգերի որակը, բարձրագույն կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը, ապրանքների և ծառայությունների շուկան, ֆինանսական շուկաների զարգացածությունը, տեխնոլոգիական մակարդակը, շուկայի ծավալը, ընկերությունների մրցունակությունը, իննովացիոն ներուժը: Հարցվել են խոշոր բիզնեսի շուրջ 11 հազար ներկայացուցիչներ:
Այստեղ լիդերներն են Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները:
Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատեցին առավել մրցունակ տնտեսության կարգավիճակը: «Ազգային շուկաների արդյունավետությունը, ընկերությունների մրցունակությունը, դեպի տեխնոլոգիական նորարարությունները դրանց տպավորիչ ունակությունը, որը հիմնված է համալսարանների և հետազոտական կենտրոնների առաջնակարգ համակարգի վրա` այս ամենը նպաստում է ԱՄՆ-ի տնտեսության մրցունակային բարձր մակարդակին: Սակայն կան որոշ թույլ կողմեր, հատկապես կապված մակրոտնտեսական դիսբալանսների հետ, որոնք, ինչպես և նախկինում, ռիսկեր են ստեղծում ոչ միայն երկրի ընդհանուր մրցունակային պոտենցիալի համար, այլև գլոբալ տնտեսության,» - նշեց գլոբալ մրցունակության ինդեքսի հեղինակ Քսավյե Սալա-ի-Մարտինը:
Շվեյցարիան զբաղեցրել է երկրորդ տեղը, մրցունակային առավելություններ դրսևորելով այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են ինստիտուտների որակը, ինֆրաստրուկտուրայի զարգացածությունը, ընկերությունների մրցունակությունը և նորարարությունների պոտենցիալը:
Հայաստանը վարկանիշային այս շարքում գտնվում է 93-րդ դիրքում` զիջելով ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր դիրքը գրաված Ռուսաստանին` 58-րդ տեղը, Ղազախստանին (61-րդ տեղ), Ուզբեկստանին (62-րդ տեղ), Ադրբեջանին (66-րդ տեղ) և Վրաստանին (90-րդ տեղ):
Հայաստանի մրցունակային առավելությունները բաղկացած են ընդամենը 14 կետից: Դրանք են` հանցավորության հետ կապված բիզնեսի ծախսերը (35-րդ տեղ), պետական պարտքը (32-րդ տեղ), սղաճը (39-րդ տեղ), բիզնես հիմնադրելու համար անհրաժեշտ ժամանակը (39-րդ տեղ), կանանց մասնակցությունը աշխատուժի մեջ (38-րդ տեղ) և այլն:
Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսության թերությունները ներառում են 96 կետ: Այս շարքում են` պետական ծառայությունների որակը (92-րդ տեղ), պետական կառավարման որակը (77-րդ տեղ), սեփականության իրավունքը (69-րդ տեղ), ինֆրաստրուկտուրայի որակը, էներգիայի մատակարարման որակը (90-րդ տեղ), մանկական մահացությունը (86-րդ տեղ), պետական բյուջեի ցուցանիշները (96-րդ տեղ), կրթական համակարգի որակը (94-րդ տեղ):
Ամենացածր արդյունքներ գրանցվել են` հակամենատիրական քաղաքականության (130-րդ տեղ), դատական համակարգի անկախության (120-րդ տեղ), կորպորատիվ քաղաքականության (113-րդ տեղ), քաղաքական գործիչների հանդեպ հասարակական վստահության (108-րդ տեղ), ինտելեկտուալ սեփականության պաշտպանության (107-րդ տեղ), պետական քաղաքականության թափանցիկության (104-րդ տեղ), ֆինանսական շուկաների զարգացածության (112-րդ տեղ), նորագույն տեխնոլոգիաների (113-րդ տեղ)կրառման բնագավառներում:
Մեր երկրի համար խնդրահարույց ասպեկտներ են` առևտրական խոչընդոտները (89-րդ տեղ), վենչուրային կապիտալի առկայությունը (124-րդ տեղ), հետազոտական ինստիտուտների որակը (83-րդ տեղ), ներդրումների ապահովությունը (65-րդ տեղ):
Բիզնեսի մրցունակության ինդեքս
Բիզնեսի մրցունակության ինդեքսը կախված է ազգային բիզնես-կլիմայի որակից, ինչպես նաև ընկերությունների գործառնական և ռազմավարական գնահատականից: Սույն տարվա այս վարկանիշը ներկայացված է 127 երկրների համար, մինչդեռ նախորդ տարի` 121:
Այստեղ տասնյակն առաջնորդում է նույնպես ԱՄՆ-ն: Այնուհետև լավագույն տասնյակն են կազմում Գերմանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Սինգապուրն ու Ճապոնիան: Հայաստանը այստեղ զբաղեցնում է 108-րդ տեղը, զիջելով Տաջիկստանին (104-րդ տեղ), Վրաստանին (100-րդ տեղ), Մոլդովային (99-րդ տեղ), Ուկրաինային (91-րդ տեղ), Ադրբեջանին (78-րդ տեղ), Ղազախստանին (72-րդ տեղ), Ռուսաստանին (71-րդ տեղ):
Բիզնեսի մրցունակության ինդեքսի` ազգային գործարարական կլիման բնորոշող կատեգորիայում Հայաստանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ ընկերությունների գործառնական և ստրատեգիական կատեգորիայում` 115-րդ տեղը: Ադրբեջանն այս կատեգորիանորում զբաղեցրել է 81 և 72 տեղերը , իսկ Վրաստանը` 100 և 93 :
Բիզնես վարելու պրոբլեմատիկ գործոններն են` կոռուպցիան, ֆինանսավորման հնարավորությունը, բյուրոկրատիան, հարկային քաղաքականությունը, ինֆրաստրուկտուրայի թերի զարգացածությունը, արտարժույթային քաղաքականությունը, աշխատուժի անհամապատասխան որակավորումը, հարկային տոկոսադրույքները, աշխատանքի էթիկան, սղաճը, քաղակաքանության անկայուն լինելը, հանցավորությունը (Գրաֆիկ 1):
Գրաֆիկ 1. Բիզնես վարելու խոչընդոտները Հայաստանում (տես նկարը)
Այսպիսով, մեր երկրի ցածր մրցունակության գլխավոր գործոնn ինստիտուցիոնալ թերզարգացածությունն է: Համաշխարհային փորձը վկայում է այն մասին, որ առաջատար գրեթե բոլոր երկրներին բնորոշ են` բաց շուկայական տնտեսությունը, ազատ գնաառաջացումը, մաքսային ցածր խոչընդոտները, բարձր մրցակցությունով բնութագրվող շուկայական միջավայրը, մասնավոր սեփականության գերակայությունը և պաշտպանությունը, արդյունավետ հարկային վարչարարությունը, արդյունավետէ ցածր կոռումպացվածությամբ, պետական կառավարումը, թափանցիկ հասարակական և ֆինանսական ինստիտուտներ և այլն: Այս ասպեկտներով բարեփոխումները կարող են զգալիորեն բարելավել տնտեսական իրավիճակը Հայաստանում և միևնույն ժամանակ բարձրացնել մեր երկրի մրցունակությունը միջազգային հանրության վարկանիշներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա