ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԱՅՆ ԿՈՂՄԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ
Տնտեսական դատարանն այսօր, ի վերջո, կասեցրեց «Բի լայն»-նն ընդդեմ «ԱրմենՏել» և «Վիմպելկոմ» ընկերությունների» գործի քննությունը: Հիշեցնենք, որ նման միջնորդությամբ հանդես էին եկել «Վիմպելկոմ»-ի ներկայացուցիչները: Նրանք միջնորդել էին կասեցնել գործի քննությունը` պատճառաբանելով, որ զուգահեռ ընթանում է ևս մեկ դատական գործ: Վերջինները վիճարկում են նաև բողոքարկման խորհրդի այն որոշումը, որով մերժվել է «Վիմպելկոմ»-ի ապրանքային նշանները գրանցել Հայաստանում:
Երեկվա դատական նիսում հայցվոր կողմը` «Բի լայն»-ի ներկայացուցիչները «Վիմպելկոմ»-ի հետ կապված իրենց պահանջներից հրաժարվել էին` (այս դատավարության ընթացքում) թողելով միայն «ԱրմենՏել»-ից պահանջը: Սա, ըստ երևույթին, հայցվոր կողմն արեց այն պարզ պատճառով, որ ակնհայտ էր, որ դատարանը միտում ունի բավարարել գործի կասեցման միջնորդությունը:
Նշենք, որ այս սցենարը ենթադրվում էր հենց սկզբից: Դատական բոլոր նիստերը, չգիտես ինչու, նշանակվում էին աշխատանքային օրվա վերջում, միջնորդությունների քննությունը ձգձգվում էր, րոպեներ առաջ ընդհուպ մինչև դատական նիստը պարզվում էր, որ նիստերի քարտուղարը վատառողջ է և դատական նիստ տեղի չի ունենալու:
Հետաքրքիր է, որ դատարանը առաջին նիստերից մեկում իր զարմանքն էր հայտնել` ասելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է կասեցնի գործի քննությունը: Տրամաբանությունը հուշում է, որ եթե չէր հասկանում, ապա պետք է մերժեր և անընդհատ չհետաձգեր միջնորդության քննարկումը: Սակայն փաստն այն է, որ դատավոր Արտակ Բարսեղյանն այսօր հայտարարեց, որ գործի քննությունը կասեցված է:
Իրականում գործի կասեցման միջնորդությունը քննության առնելն արդեն անհեթեթ էր, քանի որ սկզբունքորեն «Վիմպելկոմ»-ի նկատմամբ պահանջներ չկային: Այսինքն` դատարանը բավարարել է այն կողմի միջնորդությունը, որն արդեն որևէ կապ չուներ այդ դատավարության հետ:
Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց դատարանում «Բի լայն»-ի ներկայացուցիչը` դատարանի այս գործողությունը բողոքարկելու են: